Տնտեսական

Բացասական ցուցանիշերի դրական հանրագումարը. պաշտոնական ու տնտեսագիտական դիտարկումները բախվում են

տեղադրված է ժամը 15։45- ին
լրացված է ժամը 17։14- ին

lianaeghiazaryan

Հայաստանի տնտեսական վիճակագրության այս տարվա 4 ամսվա պաշտոնական ցուցանիշերը դրական միտում են փոխանցում, սակայն տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կասկածի տակ է առնում տարբեր ցուցանիշերի գումարման արդյունքը, քանի որ, նրա մեկնաբանմամբ, առանձին ուղղություններով ոչ միայն մտահոգիչ, այլեւ գնալով վատթարացող իրավիճակ ունենք: Ինչպես է ստացվում, որ տարբեր ոլորտների բացասական ցուցանիշերը գումարելիս դրական միտումներ են ստացվում, որոնց մասին հայտարարում են Կենտրոնական բանկն ու ազգային վիճակագիրները: «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան` Խաչատրյանը հետաքրքիր ձեւակերպում է տվել` սրանք «նախընտրական մակրոտնտեսական ցուցանիշեր են». ընտրություններից առաջ նման պատկեր է պետք ցույց տալ:

 

Հայ վիճակագիրների հաշվարկով` հունվար-ապրիլին մեր տնտեսությունը 6 տոկոս աճ է գրանցել: Բայց պաշտոնական տվյալները տնտեսագետ Վիլեն Խաչատրյանին վստահություն չեն ներշնչում, քանի որ, ինչպես մասնագետն է բացատրում, նույն պաշտոնական ցուցանիշերն առանձին-առանձին վերցրած` բացասական միտում են դրսեւորում: Տնտեսագետն իր դիտարկումները հիմնավորում է ըստ ոլորտային ցուցանիշերի: «Ունենք գնանկման ֆոն, որը որոշակի խթան է հաղորդել տնտեսությանը: Սակայն «բայց»-երը շատ են: Առաջին «բայց»-ը` մեր արտաքին պարտքն է զգալիորեն աճել: «Մեր պետությունն ամեն ամիս իր պետական պարտքն ավելացնում է 50 մլն-ով: Տարեվերջին կունենանք մոտ 5 մլրդ 600 մլն դոլարի հասնող պարտք: Ստացվում է, որ մենք կրկնակի ավելի պարտք ենք վերցրել, քան մեր տնտեսական աճն է»։

Ներմուծումը միայն նախորդ տարի նվազել է 1 մլրդ 170 մլն-ով, ընդ որում` շարունակում է կրճատվել, իսկ սա նշանակում է, որ մենք նախորդ տարվա համեմատ ավելի վատ ենք ապրում, այսինքն` պակաս գնողունակ ենք` բացատրում է տնտեսագետն ու մանրամասնում. «Մեր ներմուծած ողջ արտադրանքի 1/3-ով կախում ունենք ռուսական արտադրանքից: Սա լուրջ ցուցանիշ է, խոսում է ներմուծման դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին»:

Մեր երկրի հանդեպ վստահության մակարդակն իջել է, դա փաստում է Հայաստանում կատարվող ներդրումների կտրուկ ու շարունակական կրճատումը` ասում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: ՀՆԱ աճի վրա գյուղատնտեսությունը զգալի ազդեցություն ունի, բայց այս ոլորտն էլ այս տարի արդեն ցնցումներ ունեցավ` կարկտահարություն, ցրտահարություն, այնպես որ այստեղից էլ են սպասելիքները պակասում: Բացասականը շատ է, ոլորտներն իրար հերթ չեն տալիս. Խաչատրյանը հերթականն է մատնանշում: «Միայն 7 տարում մեր զբաղվածության ցուցանիշը նվազել է 103 հազարով: 1 մլն 72 հազար մարդ է հիմա ընդամենը աշխատում: Քիչ մարդով մեծ արդյունք կարելի՞ է ստեղծել»:

Որ անցյալ տարի մեր տնտեսության մեջ արձանագրվել են բացասական երեւույթներ` տրանսֆերտների, ներդրումների, մասնավոր սպառման, վարկերի տրամադրման եւ դրանց վերադարձելիության կրճատումներ, պատասխանելով «Ռադիոլուր»-ին՝ սա չի հերքում նաեւ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետը: Սակայն միաժամանակ Անդրանիկ Գրիգորյանը վստահեցնում է` բացասական բոլոր միտումների համագումարում ֆինանսական համակարգը կլանել է ռիսկերը՝ պահպանելով բնականոն գործունեությունը, մնալով կայուն ու բավարար ճկուն:

Անցյալ տարի հայաստանյան բանկերին պահ տված ավանդներն ավելացել են, ինչը Գրիգորյանը հակված է այսպես բացատրել. «Ավանդների աճը խոսում է մեր բանկային համակարգի նկատմամբ թե ֆիզիկական, թե իրավաբանական անձանց կողմից վստահության բավականին բարձր մակարդակի մասին»։

Ավանդների ու վարկերի վերաբերյալ ցուցանիշը Վիլեն Խաչատրյանը հիմք ընդունում է, բայց դրանց մասով տրված վերլուծությունը` ոչ: «Սա նշանակում է, որ տնտեսությունը այդ գումարները չի կարողանում «մարսել»: Վարկի տոկոսադրույքները բարձր են, մարդիկ քիչ են վերցնում: Ավանդի տոկոսադրույքներն էլ են բարձր: Եւ մարդիկ նախընտրում են ավանդ դնել, սա իր եկամտաբերությամբ ավելի նպաստավոր է դառնում, քա՝ն տնտեսության մեջ ներդրում անելը»,- բացատրում է տնտեսագետը։

Տնտեսական ցուցանիշերից հանրությանն առավելապես հետաքրքրում է գնաճը: Աշխարհում էլ գներն իջնում են՝ նկատում է տնտեսագետը, բայց նաեւ մասնագիտորեն նայում հարցին` այս ցուցանիշն էլ զարգացման օգտին չէ, տնտեսության «սառեցման» մասին է վկայում:

 

Back to top button