Հասարակություն

Ծերացող, կամ արդեն ծերացած Դովեղը

satikisahakyan
Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղն աստիճանաբար ծերանում է, ծանր ապրելակերպը ստիպել է երիտասարդներին լքել գյուղը և աշխատանք ու ապրուստի միջոցներ գտնել այլ բնակավայրերում:  Գյուղը գազաֆիկացված է, խմելու ջուրը տրվում է օրվա մեջ 2-3 ժամ, իսկ ոռոգման ջուր չունեն, սեփականաշնորհված հողերն էլ չեն մշակվում, որի հետևանքով այգիները չորացել են:  Դովեղն օգտվում է  կառավարության սոցիալական աջակցությունից, ազատված են  հարկերից, սակայն  գյուղացիների սոցիակլական վիճակը շատ վատ է:

Տավուշի մարզի Դովեղ գյուղում երեք խանութ կա,  որտեղ գրեթե ապրանք չկա, խանութից օգտվողներն էլ պարտքացուցակում են ավելացնում պարտքի գումարը: Խանութ ասվածը փոքրիկ երկաթե  հարմարեցված  «բուտկաներ» են:  Առևտուր չկա, խանութները կիսադատարկ են: Հայկանուշ տատը տեսնելով խանութ  մտնող  անծանոթներին բարձրաձայնեց ՝ առձեռն առևտուր անողներ են.«Խանություն մինչև 20000 դրամի ապրանք կա, կարում չեմ վերցնեմ: Եթե հարկերից ազատված չլինեինք, էդ էլ չէինք կարա անել»:

Հայկանուշ տատն ասում է, որ ամեն օր հաց են տանում, պարտքը մինչև 20 հազար դրամի է հասնում, պաղպաղակ առնող երեխաներին էլ է ընդառաջում, այս դեպքում զիջում է նաև  պաղպաղակի մատակարարը, որի պարտքը հասնում է 80000 դրամի:

Իր ընտանիքը ծանր կացության մեջ է, երիտասարդ հարսը մահացել է քաղկեղից, անչափահաս երեխաները մնացել են որդու և իր խնամքին, ամուսինը նույնպես հիվանդ է, մի քանի խոզ պահելով են կարողանում ապրուստը հոգալ:

Դովեղը սահմանամերձ համայնք է, գյուղացիների սեփականաշնորհված հողերն էլ սահմանի վրա են, միայն տնամերձ հողամասերում մի քանի ծառ են դրել, կարտոֆիլ ցանել, իսկ խոշոր եղջերավոր անասունների փոխարեն  խոզեր են պահում: Դա ավելի նպատակահարմար է  իրենց անվտանգության տեսակետից:  Խոշոր եղջերավորներին չեն կարող արոտ տանել: Եղել են դեպքեր, որ անասունները սահմանն անցել են ու ետ չեն եկել, նույնիսկ  գոմից են տարել:

Ծանր ապրելակերպի պատճառով շատերը լքել են գյուղը, երիտասարդները շարունակում են հեռանալ սովորելու և  աշխատելու նպատակով, իսկ տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի՝ հիմնականում Ռուսաստան:

Գյուղում երեխաներին չթողնելու  տիկին Աստղիկի մտավախությունը պայմանավորված է առաջին հերթին նրանց անվտանգությամբ և  ապագայով: Իրենց տանից հակառակորդի դիրքերն երևում են, իրենք գիշերը  տանը լույս չեն վառում, հակառակ դեպքում նշանառության տակ կլինեն: Տարիներ առաջ մի արկ էլ իրենց բակում է ընկել:  Ուսանողների ուսման վարձերն ու հիվանդ ամուսնու բուժման նպատակով տարբեր վարկեր է վերցրել:

Գյուղապետարանի հարևանությամբ գործող  իրենց խանութը նույնպես կիսադատարկ է, վարկերը մարելու խնդրի առաջ է կանգնած: Նախորդ տարվա խանութի պարտքը հասնում է մինչև 800 հազար դրամի:  Չնայած Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ համայնքն օգտվում է կառավարության սոցիալական աջակցությունից և ազատված են բիզնես իրականացնելու համար օրենքով նախատեսված  հարկերից, այնուամենայնիվ    գյուղը դատարկվում է ու ծերանում:

Back to top button