Հասարակություն

Արցախում ուժեղ անձրեւն ու կարկուտը մեծ վնասներ է հասցրել, նաեւ՝ մարդկային կորուստ

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Վերջին օրերին Արցախի մի շարք բնակավայրեր հայտնվել են ուժեղ անձրեւների եւ կարկուտի հարվածի տակ:  Վնասների չափերը ճշտում են ոչ միայն գյուղատնտեսության, այլեւ քաղաքաշինության նախարարության մասնագետները: Ցավոք,  ուժեղ սելավներից պաշտպանության բանակում նույնիսկ մարդկային կորուստ ենք ունեցել:

 

Հադրութի շրջանի Առաջամուղ  գյուղի համայնքի ղեկավարն ու գյուղացիները  այս օրերին շատերի նման փորձում են հասկանալ իրենց հետագա անելիքը: Խնձորաչափ կարկուտը վնասել է ոչ միայն  գյուղատնտեսական հողահանդակները: Փշրվել են բանկարանների ապակիները,  տուժել է դպրոցի շենքը:

Առաջամուղ են այցելել  քաղաքաշինության նախարարության մասնագետները. վնասների չափերը ճշտվել են, գույքագրվել: Նախարարության մասնագետների խոսքով՝ վերականգնողական աշխատանքները  կմեկնարկեն անհապաղ. սակայն իրականում դա կապված է եղանակային պայմաններց:

Առաջամուղցիների նման  վերջին օրերի ընթացքում բերքը կորցրել են տասնյակ այլ բնակավայրերի գյուղացիներ:

Արցախի գյուղատնտեսության նախարարությունը բավականին անելիք ունի ուժեղ անձրեւների եւ կարկուտի վնասի չափերը հստակեցնելու համար: Արդեն իսկ պարզ է, որ աշնանացանի  բերքը` հատկապես գարու, մի շարք տարածքներում  չի հնձվելու: Գարնանացանի դեպքում նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս կրկին մշակություն  կատարել:

Back to top button