Հասարակություն

Բանաձորցի ընկեր Մարգոն

alisagevorgyan
Հադրութի շրջանի Բանաձոր գյուղն այսօր հպարտանում է գյուղի խորհրդանիշ դարձած 93-ամյա  ընկեր Մարգոյով, ում կենսագրությունն ուղիղ աղերսներ ունի Բանաձորի ծանր, փորձություններով լի, բայց միաժամանակ հերոսական պատմության հետ: Երեք պատերազմ տեսած ու աշխարհի անց ու դարձին ոչ միայն հեռուստատեսությամբ, այլև համակարգչով հետևող ընկեր Մարգոն  վստահեցնում է՝ արդարությունը հաղթելու է: Աշխարհի կողմից ճանաչված ազատ ու անկախ Արցախն  ամենևին էլ անիրատեսական երազանք չէ:

Բանաձորցի ընկեր Մարգոն, ով ավելի մեծ է քան Ադրբեջանը, հարևան սուբյեկտին գերազանցում է նաև իր հարուստ ու բովանդակալից կենսագրությամբ: 93-ամյա ընկեր Մարգոն, ում Բանաձորում այդպես են կոչում մանկավարժական երկարամյա գործունեության համար, մեզ հետ զրույցում նախ հայրենական պատերազմի մասնակցի իր մեդալն է ներկայացնում, որն առաջին անգամ փոքրիկ պոլիէթիլենային տուփից հենց մեր ներկայությամբ է հանում: «Երբ մեդալը ստացա, գյուղից փախած էինք: Ադրբեջանցիները գրավել էին Բանաձորը: Սիրտ չկար մեդալը բացելու: Սա հո միակը չէր»,-դառը հիշողությունների գիրկն ընկնելով պատում է 93-ամյա կինը:

91-ի մայիսի 15-ին օմոնականները գրավում են  Հադրութի շրջանի Բանաձոր գյուղը: Գյուղը թալանում  ու ավերում են: Գյուղացիները սարերով, ձորերով ոտքով մի կերպ փախչում ու հասնում են Հադրութ: Բանաձորցիները հայրենի գյուղ են վերադառնում 93-ի հունիսին, երբ հայ ֆիդայիներն այն  ազատագրում ու մաքրում են  ադրբեջանցիներից: Երևանի ՝ այն ժամանակ Մոլոտովի անվան համալսարանն առաջին կարգի դիպլոմով ավարտած Մարգո Հովհանիսյանը Բանաձորի դպրոցում տնօրեն ու փոխտնօրեն է աշխատել երկար տարիներ:

Իսկ մինչ այդ՝ Մեծ հայրենականի տարիներին, ինչպես ասում է , մոբիլիզացվել է Շուշիի մանկավարժական ինստիտուտի երկրորդ կուրսից:  բանաձորցիներն, ի դեպ, պատմում էին, որ ուսումնատենչ Մարգոն ժամանակին ոտքով էր հասնում Շուշի: Աշխատել է տարածաշրջանի ամենահեռավոր  գյուղերում: Ամուսնացել ու երկու զավակ է ունեցել, երկուսն էլ բարձրագույն կրթություն են ստացել: Մեծ որդին մասնակցել է արցախյան պատերազմին, այսօր բնակվում է Սամարայում: Կրտսեր որդին, ցավոք,  մահացել է: Տիկին Մարգոն նրա կնոջ ու զավակների հետ է բնակվում: «Թոռս զինվորական է»,-ընդգծված հպարտությամբ ասում է ընկեր Մարգոն: Նույն հպարտությամբ ասում է, որ երեք պատերազմ է տեսել՝ հայրենական, արցախյան ու քառօրյա ու համոզված է՝ հայերը հաղթելու են:

Արցախում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին 93-ամյա ընկեր Մարգոն հետևում է ոչ  միայն հեռուստատեսությամբ ու ռադիոյով: Ընկեր Մարգոն սիրում է նաև ընթերցել, որ դա անում է առանց ակնոցների: Ինքնուրույն է կենցաղային գրեթե բոլոր հարցերում:

Աշխատատեղերից զատ ընկեր Մարգոն հետաքրքրվում է նաև ռազմական արդյունաբերության խնդիրներով: Քառօրյա պատերազմի օրերին բացահայտեց, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառված անօդաչու սարքերը մեր գլխին պատուհաս են դարձել, ուստի դրանց արտադրությունն, ինչպես ասում է, պետք է շտապ տեղում կազմակերպել: «Եթե նրանք դրանով մեզ հարվածելու ձևը գիտեն,  մենք էլ դրանք իջեցնելու ձևը գիտենք: Որևէ կասկած չունեմ, միևնույնն է՝ մենք հաղթելու ենք»,-ասում է ընկեր Մարգոն: Իր երկարակեցության, կենսախնդության ու լավատեսության  գաղտնիքը 93-ամյա կինն այսպես է մեկնաբանում՝ ամուսինս ինձ լավ է պահել, ամբողջ աշխարհը միասին շրջել ենք:

Back to top button