Հասարակություն

Հայաստանում քաղբանտարկյալ կա՞, թե՞ ոչ. Արման Թաթոյանն է պատասխանում

hasmikdilanyan
Կառավարության նիստից հետո այսօր լրագրողները մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին խնդրեցին պարզաբանել, թե Հայաստանում քաղբանտարկյալ կա՞, թե՞ ոչ:
«Այս մասով ես արդեն պատասխանելու հնարավորություն ունեցել եմ, և կոնկրետ գործի հետ կապված  ասել եմ, որ այն դատական փուլում է: Ինչ վերաբերում է կոնկրետ «քաղբանտարկյալ» հասկացությանը, ես այս պահին նման պնդում անելու իրավական հիմք չունեմ»,-ասել է Արման Թաթոյանը՝ նշելով, թե գործերը, որոնց մասին լրագրողները հարցնում են, քննության փուլում են:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արման Թաթոյանը, անդրադառնալով կալանավորված Գևորգ Սաֆարյանի գործին, ասել էր, թե դատական քննություն է ընթանում և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքն արգելում է պաշտպանին որևէ գնահատական տալ կամ գործողություն կատարել այն գործով, որն արդեն դատարանի վարույթում է:
Դիտարկմանը, թե Շանթ Հարությունյանի գործը քննության փուլում չէ, Արման Թաթոյանն ասաց. «Բոլոր հարցերով մենք ուսումնասիրություն ենք կատարում, դրա համար ես հատուկ նշում եմ՝ այս պահի դրությամբ: Բոլոր գործերով էլ առանձին գործեր կան, որոնց քննության ընթացքին մենք հետևում ենք»:

Լրագրողնի հարցին, թե նշանակման փուլում Արման Թաթոյանը հայտարարում էր, որ կաշկանդվածություն չի ունենալու, սակայն հասարակության մեծ մասի տեսակետն այն է, որ ՄԻՊ-ն իշխանության մարդն է և կաշկանդված է, Արման Թաթոյանը չհամաձայնեց. «Ես կաշկանդված չեմ և որևէ կաշկանդվածություն չունեմ, սակայն ՄԻՊ-ն ունի հստակ կարգավիճակ և գործում է իր կարգավիճակի սահմաններում»:

Back to top button