Քաղաքական

Նախանշվել են պաշտպանության ոլորտում ապագայի անելիքները

lenabadeyan
Պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող պետական ծախսերը թեեւ ավանդաբար քննարկվում են դռնփակ, բայց այսօր Աժ-ում՝ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, որոշակի փակագծեր բացվել են: Որոշակիորեն նախանշվել են նաեւ պաշտպանության ոլորտում ապագայի անելիքները, նոր ռազմավարության հետ կապված քայլերն ու ռազմարդյունաբերական համալիրի ճակատագիրը:

Այս տարի պաշտպանական ոլորտի բյուջեն կազմում է 201 միլիարդ դրամ, անցյալ տարի նույն ոլորտին հատկացվել էր մի քիչ ավելի՝ 207 միլիարդ, բայց ապրիլյան դեպքերը փաստեցին, որ նույնիսկ այդ գումարը բավարար չէ առաջնային խնդիրները հոգալու համար: Բոլորին հայտնի խնդիրներն այսօր ԱԺ-ում եւս մեկ անգամ բարձրաձայնեց պատգամավավոր Հեղինե Բիշարյանը:

«Այն պահածոները, որոնք պատրաստված են զինվորի համար եւ վաճառվում են Լեհաստանում, ով է պատասխան տալու սրա համյար, որ գողություն է եղել 2015 թվականի այդ սուղ բյուջեից: բոլորս էլ գիտենք, որ մենք մեր բարեկամ-հարազատներին աջակցում ենք այն զինվոր երեխաներին, ովքեր ծառայում են. հագուստով, կոշիկներով, պետք է գնաս Վերնիսաժից գնես»:

Այսպիսի բաց քննարկումների ոչ թե բովանդակությունը, այլ ձեւը միանգամից մտահոգեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանին:

«Մեր պաշտպանական եւ անվտանգության համակարգի տարբեր թերությունները մենք հրապարակային պետք է չհնչեցնենք: Դա պետք է լինի միայն փակ քննարկումների շրջանակներում»:

Չնայած հնչած առաջարկին՝ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող պետական ծախսերի որոշ հատվածը խորհրդարանի լիագումար նիստում ներկայացրեց պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա ընդունեց, որ նախատեսված որոշ ծրագրեր չեն իրականացվել անբավարար միջոցների պատճառով, որ զորակոչում դեռեւս խնդիրներ կան, որ անհրաժեշտ է ունենալ պաշտպանական բյուջեի նոր կառուցվածք եւ պաշտպանական ծախսերի հանդեպ խորհրդարանական վերահսկողության ավելի լայն իրավասուրթյուն: Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, դիմելով Կորյուն Նահապետյանին, նշեց, որ յուրացումների եւ չարաշահումների համար մեղավորներին միայն աշխատանքից ազատելն ու ձերբակալելը բավարար չէ:

Կորյուն Նահապետյանը չգաղտնազերծեց նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 200 միլիոն դոլարի ապրանքային վարկի կատարման ընթացքը: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տեղեկություններով՝ դեռեւս մեկ շաբաթ առաջ պայմանավորվածությունները կատարված չէին եւ ռուսական զենքի մատակարարումները չէին սկսվել:

«Աշպխատանքն ընթացքի մեջ է, որոշ չափով տիրապետում եմ ավելի տեղեկատվության, քան կարող եմ հրապարակել՝ կոմերի միջեւ վստահության մթնոլորտը չխաթարելու տրամաբանությունից ելնելով: Ուղղակի ուզում եմ վստահեցնել գործընկերներին, որ ՊՆ-ն բավականին նպատակասլաց աշխատանք է իրականացնում այդ վարկային համաձայնագրով նախատեսված միջոցների ձեռքբերման համար»:

Նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը Կորյուն Նահապետյանին հարցերն ուղղելուց առաջ դիմել էր որոշակի գործնական քայլերի եւ ուրախությամբ արձանագրել էր հետեւյալը:

«Այստեղ գալուց առաջ մոտեցա զինվորին, որ կանգնած է եւ ստուգեցի՝ ինչ փամփուշտ է զենքում: Ուրախությամբ տեսա, որ նա լիցքավորված է հայկական արտադրության փամփուշտով: Փառք Աստծո, այդ գործարանը գոնե դեռ կա»:

«Թույլ տվեք այստեղ չհրապարակել, թե ռազմական ինչ արտադրանք ենք մենք այսօր արտադրում, բայց վստահ եղեք, որ որոշակի ռազմական արտադրանք, այո, այսօր մենք կարողանում ենք հաջողությամբ իրականացնել մեր երկրում»:

Կորյուն Նահապետյանի ներկայացմամբ՝  ռազմարդյունաբերական ոլորտում Հայաստանը իրոք ունի լուրջ ներուժ, որը պետությունը մտադրված է լրջագույնս օգտագործել: Իսկ ընդհանուր ոլորտի համար նախատեսվում են լուրջ փոփոխություններ: Հանրապետության նախագահի կողմից առաջիկայում հաստատվելու է ռազմատեխնիկական եւ ռազմարայդունաբերության քաղաքականության նոր ռազմավարություն: Կորյուն Նահապետյանի ներկայացմամբ՝ փաստաթղթում լինելու են լուրջ երաշխիքներ զինծառայողների համար, ինչպես նաեւ ռազմավարական նոր մոտեցումներ:

Back to top button