ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ- ն քաղաքական պոտենցիալն է կիրառում. Բորդյուժան ապրիլյան պատերազմի ՀԱՊԿ արձագանքի մասին

karenghazaryan

Երևանում այսօր անցկացվել է  Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը, որը վարել է ՀԱՊԿ-ը նախագահող Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանը: ՀԱՊԿ-ի անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստն անցնում է Հայաստանի և տարածաշրջանի համար դժվարին քաղաքական պայմաններում՝ բացելով նիստը հայտարարել է Հայաստանի ԱԽ քարտուղարը՝ անդրադառնալով ապրիլյան իրադարձություններին: Թեմայի շուրջ լրագրողները հարցեր են ուղղել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային՝ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

 

ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստն անցնում է Հայաստանի եւ տարածաշրջանի համար դժվարին քաղաքական պայմաններում: Մեր երկրի անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գեւորգյանը հիշեցրեց այս տարվա ապրիլին ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին մեծացած լարվածության ու Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների մասին:

«Ղարաբաղի ժողովուրդը բախվեց Ադրբեջանի կողմից ուղիղ ագրեսիայի հետ։ Սա դարձավ լուրջ մարտահրավեր տարածաշրջանի, Հարավային Կովկասի անվտանգության, կայունության համար, ինչպես նաև հանգեցրեց 1994 թ.-ին ձեռք բերված հրադադարի խոշոր խախտումների»,- նշեց նա: Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, չի կարող Ադրբեջանի նմանօրինակ գործողություններին կողքից նայել՝ նշեց Արմեն Գևորգյանը՝ շեշտելով, որն ՀԱՊԿ-ը ստեղծվել է խնդիրները միասնաբար՝ կոլեկտիվ, լուծելու համար, որի արդյունքը կլինի ՀԱՊԿ անդամ-պետության դեմ կատարվող ագրեսիան զսպելը:

«Այս բոլոր միջադեպերը կատարվեցին ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում, ու մենք ելնում ենք նրանից, որ դրանք անհանգստացնում, մտահոգում են ՀԱՊԿ մեր գործընկերներին»,- հավելեց Արմեն Գևորգյանը՝ փոխանցելով նաեւ, որ հասարակությունը ավելի մեծ համախմբվածություն է ակնկալում ՀԱՊԿ անդամ-պետություններից:

Անշուշտ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների սահմանների մոտ ցանկացած ապակայունացում, հատկապես՝ զինված հակամարտություն, սպառնալիք է այդ պետությունների անվտանգությանը՝ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով հարցադրումներին, թե՝  ՀԱՊԿ-ը որևէ քայլ պատրաստվո՞ւմ է ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղում քառօրյա պատերազմից հետո առաջացած լարվածությունը մեղմացնելու ուղղությամբ եւ թե արդյո՞ք տեղին են Հայաստանից հնչող մտահոգությունները, որ ՀԱՊԿ-ը բավարար արձագանք չի տվել քառօրյա պատերազմին:

Բնականաբար, մենք անուշադրության չենք մատնում նման իրավիճակները: Դա վերաբերում է, ինչպես Կովկասին, այնպես էլ Կենտրոնական Ասիային եւ այլ տարածաշրջաններին՝ վստահեցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա նաեւ մեջբերեց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի հայտարարությունը՝ հրադադարի ձեռքբերման հարցում Ռուսաստանի ղեկավարության ակտիվ դերի մասին:

«Կարող եմ ասել, որ ՌԴ նախագահի, վարչապետի, արտգործնախարարի ակտիվությունը՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ, ոչ այլ ինչ է, քան ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային կեցվածք: ՀԱՊԿ-ը դա քարտուղարությունը կամ գլխավոր քարտուղարը չէ, դա 6 պետությունների միավոր է եւ այդ ընթացքում գործնականում ՀԱՊԿ անդամ-պետությունների բոլոր ղեկավարները, օգտագործելով իրենց քաղաքական կշիռը, փորձում էին ազդել իրավիճակի վրա, որ ռազմական հակամարտությունը, ռազմական գործողությունները դադարեն եւ կողմերը կրկին վերադառնան բանակցային սեղանին, ինչն արվեց: Եվ դա նույնպես, իմ կարծիքով, ՀԱՊԿ գործողությունների արդյունքն է, իրավիճակի վրա քաղաքական ազդեցությունը: Ուստի ՀԱՊԿ դերին պետք է նայել այս տեսանկյունից, ոչ թե ուժի գործադրման կամ բանակի օգտագործման»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ կազմակերպության գլխավոր խաղաքարտը քաղաքական ազդեցությունն է՝ այս կամ այն երևույթի վրա: Անդրադառնալով հարցին, թե  այդ դեպքում ապագայում քաղաքական ի՞նչ ազդեցություն պետք է ունենա ՀԱՊԿ-ը, որ դադարեցնի լարվածությունը, զինված հակամարտությունը, Նիկոլայ Բորդյուժան կրկնեց, որ իրենք քաղաքական պոտենցիալն են կիրառում՝ վաղ շրջանում զրոյացնելու նման երևույթները:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաեւ հավելեց, թե այդ հարցում գործի են դնում ստեղծված «ճգնաժամային արձագանքման» խումբը, որը մոնիթորինգ է անցկացնում, բացի այդ էլ՝  մեծացվում, ավելացվում են կազմակերպության անդամ-պետությունների զինված ուժերի սպառազինությունը, որպեսզի դրանք համալրվեն ժամանակակից զինտեխնիկայով: Դրա համար կան աշխատանքի բավականին տարբեր ձեւեր, իսկ գլխավորը ՀԱՊԿ համակարգում ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրն է, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը կարող է զենք գնել ինքնարժեքով՝ եզրափակեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Հավելենք նաեւ, որ այսօրվա նիստում քննարկվել են միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի հակազդման խնդիրներ, ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության նախագծի համաձայնեցման ընթացքը և կազմակերպչական հարցեր: Քննարկվել են նաեւ թմրամոլության դեմ պայքարի խնդիրները, ինչպես նաև անվտանգության ոլորտին առնչվող մի շարք այլ նախագծերի վերաբերյալ հարցեր: Արդյունքում՝ ստորագրվել են նաեւ փաստաթղթեր:

Back to top button