Քաղաքական

ՄԽ համանախագահները սպասում են միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ կողմերի եզրակացություններին.Պոպով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ փորձագիտական մակարդակի դուրս գալու հնարավորությունը կախված է կողմերի պատրաստակամությունից` հաղթահարելու հակամարտության կարգավորման հիմնական հարցերի շուրջ առկա տարաձայնությունները և հասնելու շրջանակային համաձայնագրի: Ինչից հետո հնարավոր կլինի խոսել փորձագիտական խմբերի ստեղծման մասին: «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

«Բարձր մակարդակով ձեռք է բերվել զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմների ուղղությամբ աշխատանքներն ավարտելու պայմանավորվածություն և այժմ ԵԱՀԿ փորձագետները զբաղված են այդ հարցով: Նախորդ շաբաթ ՄԽ գործընկերների հետ փորձագիտական մշակումները փոխանցել ենք երկու երկրների արտաքին գործերի նախարարներին:  Սպասում ենք կողմերի եզրակացություններին»,- ասել է ռուստաստանցի համանախագահին:

Անդրադառնալով շփման գծում խաղաղապահների տեղակայման մասին հարցին` Իգոր Պոպովը նշել է, որ դրա մասին կարելի է խոսել  այն բանից հետո, երբ կարգավորման հարցում ձեռք կբերվեն հիմնական համաձայնությունները. Նա շեշտել է, որ խաղաղապահ կոնտինգենտն ընտրվելու է հակամարտության կողմերի համաձայնության հիման վրա ընտրված երկրներից:

Պոպովը նաեւ կարեւորել է այն փաստը, որ  Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները  սկզբունքորեն համաձայնել են բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտության հարցում:

Back to top button