Քաղաքական

Արցախյան գործերին միջամտությունների սահմանափակումները

lenabadeyan
Վերջին օրերին Հայաստանի խորհրդարանականները գերադասում են չմեկնաբանել Արցախում տեղի ունեցող ներքին զարգացումները՝ լինի դա դրական, թե՝ բացասական: Հիմնավորում են, որ պետք չէ խառնվել այլ պետության ներքին գործերին, բայց եւ բնականոն են համարում, որ բանակցությունները այդ պետության փոխարեն Հայաստանն է վարում, ինչպես նաեւ միջազգային հարթակներում Հայաստանն է ներկայացնում այդ պետության խնդիրները: Ի դեպ, օրեր առաջ հենց Մոսկվայում անդրադարձ է եղել արցախյան չորսօրյա պատերազմին, իսկ աշխատանքների վերջում ընդունվել է աննախադեպ արձանագրություն:

 

 

Պարզվում է, Արցախի ներքին ոչ բոլոր գործերին է Հայաստանը կարողանում միջամտել:  Դրանցից է օրինակ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ երեկ դրսեւորված դաժան հաշվեհարդարն ու Սամվել Բաբայանի վերադարձը: Հայաստանի խորհրդարանում շատ պատգամավորներ այսօր զգուշավորությամբ են մոտենում հարցին, նույնիսկ գերադասում են շրջանցել այն: Որպես հիմնավորում նշում են, թե պետք չէ խառնվել այլ պետության գործերին:

Սա, ի դեպ, այն դեպքում, երբ 4 անգամ նույն խորհրդարանում ներկայացվել է Ղարաբաղի անկախության ճանաչման նախագիծն ու նույն պատգամավորները մշտապես մերժել են այդ նախաձեռնությունը: Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր  Հայկ Խանումյանի ծեծն ակնարկելով՝ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովն այսօր Հայաստանի քաղաքական ուժերին կոպիտ ձեւով կոչ արեց չխառնվել Արցախում ընթացող պրոցեսներին:

ԱԺ փոխնախագահի համար, պարզվում է, կա հստակ տարանջատում, թե որ դեպքերում Հայաստանը կարող է միջամտել Արցախի գործերին, իսկ որ դեպքում՝ ոչ:

«Այո, եթե Արցախի արտաքին քաղաքականությանը, Արցախի անվտանգությանը, արցախա-ադրբեջանական շփման գծում պատերազմական գործողությունների շարունակման հավանականությանը, Ադրևբեջանի կողմից մարդու իրավունքի պաշտպանության կոպիտ խախտմանը, Ադրբեջանի կողմից ագրեսիայի եւ ահաբեկչության իրականացումը եթե լինում է, այո՝ ՀՀ-ն, որպես Արցախի անվտանգության երաշխավոր պետք է քայլ կատարի եւ մենք դա անում ենք: Իսկ ինչ վերաբերում է Արցախի իշխանություններին, Արցախի հասարակությանը եւ Արցախում տեղի ունեցող ներքին պրոցեսներին մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Արցախում կա ընտրված իշխծանություն, ընտրված իրավապահ մարմիններ կան ընտրված պառլամենտական ուժեր՝ ընդդիմադիր եւ իշխանամետ եւ մարդիկ իրենց գործը կանեն: Ի՞նչ եք խառնվել»:

Էդուարդ Շարմազանովը մի խորհուրդ տվեց բացառապես բոլորին՝ վտանգի պահին քարեր չնետել միմյանց վրա:

Ի դեպ՝ արցախյան պատերազմի ոչ միայն վտանգների, այլեւ՝ հետեւանքների մասին օրեր առաջ խոսել են Մոսկվայում՝ հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստում: «Ընկերներին փողի հետ չեն փոխանակում». այսպես ուղիղ ձեւակերպմամբ հայ խորհրդարանականներն այնտեղ իրենց մտահոգությունն են հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի առնչությամբ: Ապրիլյան պատերազմի վերլուծությունը Մոսկվայում ռուս գործընկերներին ներկայացրել է հայկական պատվիրակության անդամ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Հետո քննարկմանը մասնակցեց որպես համազեկուցող նաեւ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իգոր Գրոմիկոն, որը նույնպես ընդգծեց, որ մտահոգություն կա Ադրբեջանի կողմից սանձազերծած հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ եւ այդ պայմանագրերի խախտումները բացարձակապես անընդունելի են համարվում նաեւ Ռուսաստանի համար»:

Արդյո՞ք հայ պատվիրակները ռուսական կողմին տեղեկացրել են հայ հասարակության մոտ առաջացած հիասթափությունների մասին եւ արդյո՞ք հայ պատվիրակների կոշտ ելույթները վկայում են հակառուսական տրամադրությունների մասին. հարցին պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխանեց այսպես.

«Եթե որեւէ մեկը մտածում կամ սպասում է, որ այս ամենի մեջ կա հակառուսական տրամադրություններ՝ դա այդպես չէ: Շատ դեպքեր են լինում, երբ մենք մեզ համար իլյուզիաներ ենք կազմում, ուռճացած սպասելիքներ ենք ունենում ու հետո, երբ այդ սպասելիքները չեն իրականացվում առաջանում է հիասթափություն կամ հակա ինչ որ տրամադրություններ: Մեր սպասելիքները պետք է լինեն շատ հստակ, հասցեական եւ մենք պետք է հասկանանք, թե իրականում որ խնդրի ինչ լուծում ենք սպասում եւ ումից»:

Հերմինե Նաղդալյանը էական է համարում նաեւ այն, որ միջխորհրդարանական հանձնաժողովը վերջում ընդոմւնվել է արձանագրություն, որտեղ առաջին անգամ այլ երկրի կառույցի մասնակցությամբ արձանագրվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծվել է հրադադարի ռեժիմի խախտում, այն տեղի է ունեցել շփման գծի ողջ երկայնքով ու հայ-ադրբեջանական սահմանում:

Back to top button