Հասարակություն

Նոր խստացում ԵԱՏՄ պահանջով. թիրախում` խաղալիքների, բենզինի, ավտոյուղերի, ԱԳԼՃԿ ոլորտի տնտեսվարողներն են

lianaeghiazaryan
Էկոնոմիկայի նախարարության  շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այսօր ոլորտային հանդիպում է ունեցել խաղալիքների, ԱԳԼՃԿ, ավտոմոբիլային բենզինի և ավտոյուղերի բնագավառում գործող տնտեսվարողների հետ` նախ տեղեկացնելու, որ դրանք աստիճանաբար պետք է անցում կատարեն Եվրասիական տնտեսական միության տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերին, որոնք ի դեպ, էականորեն տարբերվում են ՀՀ-ում մինչ այժմ գործող կանոնակարգերից: Ապա եւ զգուշացվել է` առաջիկայում նոր` խստացված ստուգումներ են սպասվում: Տնտեսվարողների եւ տեսչական մարմնի ներկայացուցիչների հանդիպումն այսօր բուռն քննարկման է վերածվել:

Խաղալիքներ, բենզին եւ ավտոյուղեր արտադրող, ներկրող եւ իրացնող տնտեսվարողներն ու ԱԳԼՃԿ շահագործողները նոր` խստացված ստուգումների թիրախում են:  Եվրասիական տնտեսական միության տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերն առավել լուրջ պահանջներ են թելադրում, որոնք  պետք է տեղական տնտեսվարողներն աստիճաբար պարտադիր կիրառեն: Տնտեսվարողների հետ հանդիպման ժամանակ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը հայտարարեց`

«Նշված ոլորտներում հսկողությունը լինելու է ամենախիստ ձեւով, քանի որ մինչ ստուգումները մենք բոլորին իրազեկելու ենք, որ Մաքսային միությանն ինտեգրվելու արդյունքում որոշ պահանջներ են ավելացել: Տվյալ ոլորտներն ունեն որոշ ժամանակ` խախտումները վերացնելու, այլապես տեսչությունը կիրառելու է թե տուգանք, թե գործունեության կասեցում»:

ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ առաջին ամենալուրջ պահանջներից մեկն է, որ տնտեսվարողները` լինի մատակարար, արտադրող, թե վերավաճառող, արտադրանքի համար ունենան որակի համապատասխանության սերտիֆիկատ: Հենց այս պահանջն է, որ հարուցել է վերավաճառող տնտեսվարողների մտահոգությունը:  Հանդիպմանը մասնակից տնտեսվարողներից մեկն իր մտահոգությունը ձեւակերպում է այսպես` ինչու եք վերավաճառողին ծանրաբեռնում ավելորդ վարչարարությամբ եւ նրան ավելորդ պատասխանատվության տակ դնում: Փոքր խանութը, որը 700 կամ 1000 ապրանքատեսակ ունի, 700 կամ 1000 սերտիֆիկատ պետք է ձեռք բերի, արխիվացնի, հետեւի դրանց ժամկետերին: Սա նոր հսկա ծանրաբեռնվածություն է՝ տասնյակ վաճառողների անունից ասում է հայ տնտեսվարողը:

«Ես պնդում եմ` սերտիֆիկատն անպայման կարեւոր է, հատկապես սննդի պարագայում, սակայն պետք է վերանայել օրենքն ու սերտիֆիկատի առկայության պատասխանատվությունը դնել ոչ թե վաճառողի, այլ՝ ներմուծողի վրա»:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչները բացատրեցին, որ ԵԱՏՄ շրջանակներում արդեն ապրանքների ներկրում-արտահանում չի ձեւակերպվում. եթե, օրինակ, ղազախական մի կազմակերպության արտադրանք Հայաստան է հասնում, ապա արտադրողը պարտավոր է սերտիֆիկատ տրամադրել մատակարար կազմակերպությանը, վերջինս էլ` վաճառողներին ու վերավաճառողներին: Սերտիֆիկատը կարող է լինել ոչ թղթային տարբերակով էլ, պարզապես ներկայացվի սերտիֆիկատի էլեկտրոնային համարը: Այս բացատրությանը հաջորդեց բանավեճ տնտեսվարողի ու  շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչների միջեւ:

Քննարկման ժամանակ որոշ տնտեսվարողներ դժգոհ հեռացան դահլիճից, ոմանք երկար բանավիճեցին: Հանդիպումն ավարտվեց վստահեցմամբ` շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, տրամադրել ժամանակ` փոփոխություններին պատրաստվելու համար: Բայց պահանջները եւ դրանց պահպանումը պարտադիր են: Սա ոչ միայն ԵԱՏՄ պահանջն է, այլեւ սպառողի ամենօրյա իրավունքների պաշտպանության օրախնդիրը, որպեսզի երեխաների ձեռքում չհայտնվեն անհայտ ծագման ու որակի խաղալիքներ, որպեսզի մեքենան լիցքավորելիս վստահ լինես, որ չեն խաբում տեսակի եւ քանակի մեջ եւ այսպես շարունակ:

Back to top button