Տնտեսական

Կարկուտը ծեծած տեղն է ծեծել. Ագրարագյուղացիական միությունը խոսում է 1 մլրդ դրամի վնասի մասին

hasmikdilanyan

Հանգստյան  օրերին  հանրապետության մի շարք բնակավայրերում  տեղացած ուժեղ կարկուտը կրկին վնաս է հասցրել գյուղատնտեսությանը:  Պատկան մարմինները դեռ հանձնաժողովներ են կազմում, տեղում ծանոթանում վնասված բերքի  ծավալների հետ, իսկ անելանելի վիճակում հայտնված գյուղացիները փնտրում, սակայն, գյուղվարկերը  փակելու և առօրյա մյուս հոգսերը հոգալու ելքեր չեն գտնում:

Արագածոտնի մարզի  Հարթավան ու հարակից գյուղերն ամռան առաջին օրերը  անձրևով դիմավորեցին; Մի քանի օր շարունակ այստեղ անձրևներ էին, որոնք  ժամանակ առ ժամանակ ուղեկցվում էին նաև կարկուտով:

Հունիսի 4-ին, օրվա երկրորդ կեսին, տեղացած ուժեղ անձրևն ու կարկուտը վերջնականպես  փչացրեց բերքը: Հարթավանի գյուղապետ  Ժիրայր Ավետիսյանի փոխանցմամբ, վնասվել են պտղատու ծառերը, կարտոֆիլն ու բանջարանոցային մյուս կուլտուրաները, հացահատիկային մշակաբույսերը: Անդառնալի վնասվել է կաղամբի բերքը՝ ասում է «Ռադիոլուրի»  զրուցակցը՝  Արագածոտնի մարզի Հարթավան համայնքի  գյուղապետ  Ժիրայր Ավետիսյանը։ Ըստ նրա կաղաբը վնասվել է 80 տոկոսով, կարտոֆիլը՝ 30, պտղատու ծառերը՝ ամբողջությամբ։

Վերջին օրերին տեղացած կարկուտի աշխարհագրությունը բավականին մեծ էր՝ չանտեսեց նաև Արմավիրի մարզի որոշ տարածաշրջաններ: Դողս համայնքում օրինակ վնասվել է  բերքի 50 տոկոսը, Դաշտ համայնքում, գյուղապետ Հրանտ Պետրոսյանի փոխանցմամբ, բանջարանոցային որևէ կուլտուրա կարկուտի հարվածներից չի փրկվել: «Անզեն աչքով էլ կարելի է  ասել, որ  բանջարեղենային կուլտուրաների 60 տոկոսը վնասվել … շատ ահավոր է: Վառեկի ձվի չափ կարկուտը 15 րոպեից ավելի տևեց»,- ասում է։

Հաշվարկները դեռ նախնական են։ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը  վստահեցնում է՝ բերքի կորուստը, նախնական գնահատականով,  կկազմի մեկ մլրդ դրամից ավելի:   Գյուղատնտեսության նախարարությունում   հաշվարկներ կատարելու համար մարզպետրարանների հաշվետվություններին են սպասում:

Փոխնախարար Ռոբերտ Մակարյանի փոխանցմամբ՝ մասնագիտական հանձնաժողովները առաջիկա օրերին կարձանագրեն, չափերի մասին կասեն:

Հիմնական մեղավորը, ըստ  Բերբերյանի, հակակարկտային կայանների ոչ արդյունավետ աշխատանքն է: Մեղավորը սարքերն են, ոչ թե համակարգի աշխատողները, որոնք, Բերբերյանի բնորոշմամբ, բարեխիղճ են աշխատում: Ագրարագյուղացիական միավորման նախագահը շարունակում է պնդել՝  Հայաստանում արդյունավետ կարող են աշխատել հակակարտային ցանցերը: «Եթե ցանցային համակարգ ունենայինք՝ այսօր միլիարդի կորուստ չէինք ունենա»։

Հարթավանում, Դաշտում, Դողսում և  կարկուտից վնասված մյուս համայնքներում  գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում: Կորցրել են  բերքի մեծ մասը, իսկ բանկը, գյուղվարկերն ու դրանց տոկոսադրույքները չեն սպասում:

 

Back to top button