Վերլուծական

Բունդեսթագի որոշումից հետո նեոօսմանիզմի սրացում կնկատվի՝ ասում է թյուրքագետը

karenghazaryan

Կասկած չկար, որ Գերմանիայի Բունդեսթագը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի գնահատմամբ՝ Գերմանիան այդ քայլով նպաստեց Եվրոպայի վերածնմանը, եվրոպական արժեքների վերահաստատմանը: Թյուրքագետի համոզմամբ՝ այս քայլի արդյունքում մենք նաեւ ականատես կլինենք նեոօսմանիզմի սրմանը:

 

Գերմանիայի Բունդեսթագի որոշմանը կողմ քվեարկեցին նաեւ ծագումով թուրք պատգամավորները: Թյուրքագետ Ալեքսանդր Սաֆարյանը նկատեց, որ Թուրքիայում նաեւ կասկածի տակ դրվեց այդ պատգամավորների ազգային պատկանելությունը, ինչը բացարձակապես անընդունելի է եվրոպական ընկալման տեսանկյունից:

«Սա պարզապես կարող է եվրոպական մտավորականության կողմից ընկալվել որպես ռասիզմի դրսեւորում: Այս խնդիրները՝ նեոօսմանիզմի քաղաքականության հետ կապված, գնալով ավելի սրվելու են: Մյուս կողմից՝ արտաքին ագրեսիվ քաղաքականությունը, որը որդեգրվել է ժամանակակից թուրքական քաղաքական վերնախավի կողմից, անպայմանորեն խնդիրներ է հարուցելու բուն Թուրքիայում՝ ներքին քաղաքականության տեսանկյունից»:

Ալեքսանդր Սաֆարյանի փոխանցմամբ՝ թուրքական եւ ադրբեջանական ԶԼՄ- ների, վերլուծական եւ այլ կենտրոնների, հասարակական- քաղաքական գործիչների ճնշող մեծամասնության արձագանքը Գերմանիայի Բունդեսթագի որոշմանը ջղագրգիռ էր, ինչը, ըստ նրա, մի կողմից խոսում է նրա մասին, որ Թուրքիայում եւ Ադրբեջանում խնդրի հետ կապված որոշակի խառնաշփոթ է առաջացել, իսկ մյուս կողմից՝ վկայում է Բունդեսթագի այդ որոշման բացառիկ կարեւորությունը: «Անշուշտ, Գերմանիայի որոշումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում կարեւորագույն մի օղակ է: Բնականաբար, այն խթան է հանդիսանալու նաեւ այլ երկրների կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացում»:

Գերմանիան Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաեւ իր մեղսակցությամբ: Հետագա քայլերի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում: Ալեքսանդր Սաֆարյանի կարծիքով՝ այդ տարակարծությունների մեջ էլ մեծ պոտենցիալ կա: Մի կողմ թողնելով քաղաքագիտական մոտեցումները՝ ինքը այս ճանաչման առերեւույթ մշակութաբանական կողմն է առանձնացնում: Այդ ճանաչմամբ, փաստորեն, Գերմանիան վերահաստատեց եվրոպական քաղաքակրթական, մշակութային գիծը, որի կրողն է այդ երկիրը: Դա բանախոսը համարեց ժամանակակից կարեւոր մշակութային, քաղաքակրթական քննություն, ինչը պետք է հանձնի ամբողջ Եվրոպան: Այդ որոշումը Եվրոպայի կարեւոր մարտահրավերներին արձագանքներից մեկն էր ՝ ասաց նա:

Ինչ պետք է անենք մենք՝ ունենալով նման որոշում: Ալեքսանդր Սաֆարյանի կարծիքով՝ Բունդեսթագի որոշումը առավել հստակեցրեց թուրքական ժխտողականության սին լինելը եւ ընդունված որոշումը պետք է առաջին հերթին օգտագործել՝ թուրքական եւ ադրբեջանական ԶԼՄ- ների, վերլուծական կենտրոնների կողմից հայերի բացասական իմիջը ձեւավորելու փորձերը չեզոքացնելու, եւ հայ ու թուրք հասարակությունների շփումը նոր հարթակի վրա կազմակերպելու համար՝ եզրափակեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի պրոֆեսոր վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը:

Back to top button