Քաղաքական

ԱԱԾ-ն վերանայում է կադրային քաղաքականությունը

lenabadeyan
Այսօր ԱԺ էր եկել ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը: Պատգամավորներից մի մասը նրանից ակնկալում էին ստանալ շատերին հուզող որոշ հարցերի պատասխանները: Ասենք՝ ինչպես է ծառայությունը վերահսկում այլ կառույցների կողմից ՀՀ քաղաքացիների հեռախոսային գաղտնալսումները կամ ինչ հանձնարարական էր ժամանակին ստացել ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը երկրի նախագահից՝ Ռամիլ Սաֆարովի հետ կապված եւ արդյո՞ք հաջողվեց այդ հանձնարարությունը կատարել: Արզուման Հարությունյանը խորհրդարան էր եկել կառավարության նոր նախաձեռնությունը ներկայացնելու համար:

 

Կառավարությունը հրատապ է համարել եւ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել մի օրինագիծ, որն առնչվում է ԱԱԾ աշխատանքին: Ընդամենն առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «ԱԱ մարմիններում ծառայության մասին» օրենքում: Ըստ էության՝ որոշակիորեն ընդլայնվում է «կադրային բազա» հասկացությունը եւ «դա բացարձակապես այն պատճառով չէ, որ կառույցում կա կադրերի արտահոսք կամ պակաս»,- պատգամավորների մտահոգությունը փարատել է ԱԱԾ փոխտնօրեն Արզուման Հարությունյանը:

Ասենք՝ որոշ կոչումների համար կենսաթոշակի շեմի բարձրացումը պայմանավորված է փորձի փոխանակման անհրաժեշտությամբ: «Մատերի վրա հաշված պաշտոնների մասին է խոսքը»,- ասում է Արզուման Հարությունյանը, իսկ ահա գիտական աստիճան ունեցողներին կառույցում ընդգրկելու անհրաժեշտությունը ԱԱԾ տնօրենի տեղակալը հիմնավորում է այսպես.

«Տեղեկատվական ոլորտում, կիբերանվտանգության ոլորտում մենք լուրջ խնդիրներ ունենք, դրա համար, մեզ անհրաժեշտ են բարձր գիտելիքներ ունեցող երիտասարդներով համալրենք: Հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը եւ ԱԱ մարմինների առջեւ ծառացած նոր մարտահրավերները առաջարկում ենք հնարավորություն ստեղծել, որ ԱԱ նեղ մասնագիտական կրթություն պահանջող առանձին պաշտոններ համալրվեն գիտական աստիճան ունեցող եւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված ու հետագայում պահեստազորում գրանցված անձանցով»:

Ահա հենց այս կետը պատճառ դարձավ լուրջ քննադատության: Պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը, հասկանալով առաջարկվող փոփոխությունների ենթատեքստը, այն, որ բազմաթիվ ռազմավարական նշանակության ոլորտներում կա մասնագետների պակաս,  նաեւ մատնանշեց վերոնշյալ կետի չարաշահման հնարավորությունն ու ռիսկերը:

«Գիտության ոլորտի աշխատողներ իսկապես, այս ոլորտում պետք է լինեն: Բայց ինչո՞ւ դա պետք է լինի բանակ չգնացողների հաշվին: Մենք բոլորս էլ գիտենք, ովքեր են, որ չեն ծառայոթւթյում բանակում՝ պատգամավորների, նախարարների, օլիգարխների, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն են, ովքեր ասպիրանտուրայի քողի տակ զբաղված են սովորական դասալքությամբ: Մնավախություն չունե՞ք, որ դրանով մենք պարզապես ԱԱ համակարգը կդարձնենք կադրերի նշանակման բյուրո այդպիսի «գիտնականների» համար: Վստահ եմ, որ մենք ունենք բանակում ծառայած հետո իսկապես լրջագույն գիտական կոչում ունեցող երիտասարնդներ, ովքեր պատրաստ են եւ կարող են ծառայել այս համակարգում»:

Միայն Նաիրա Զոհրաբյանը չէր, որ նման մտավախություն ուներ։ ԱԺ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհուրդ տվեց «քառակուսի կաղապարներից դուր գալ»: Ասածը վերածվեց վեճի:

Վեճին եւ կասկածանքներին փորձեց վերջ դնել ԱԱԾ տնօրենի տեղակալը:

«Ես հավաստիացնում եմ, կարող եք անհոգ լինել եւ համոզված, որ գիտական աստիճան ունեցողների հարցը, որ մենք բարձրացրել ենք՝ ամբողջությամբ գիտակցել ենք: Ներկա իրավիճակից ելնելով ենք մենք այդ հարցը բարձրացրել, բայց մեկ անգամ եւս կցանկանայի հավաստիացնել՝ միջնորդություններով ԱԱԾ չեն ընդունվում»:

Ի դեպ, շատ հարցեր կային, որոնց պատասխաններն այսօր պատգամավորներն ակնկալում էին ստանալ Արզուման Հարությունյանից։ Ինչպես է ծառայությունը վերահսկում այլ կառույցների կողմից ՀՀ քաղաքացիների հեռախոսային գաղտնալսումները կամ ինչ հանձնարարական էր ժամանակին ստացել ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը երկրի նախագահից՝ Ռամիլ Սաֆարովի հետ կապված եւ արդյո՞ք հաջողվեց այդ հանձնարարությունը կատարել: Այս բոլոր եւ մնացած այլ ուշագրավ հարցերը մնացին անպատասխան՝ նախագծին առնչություն չունենալու պատճառաբանությամբ:

Back to top button