Հասարակություն

Արագածոտնի մարզում կարկուտը վնասել է ծիրանի, խնձորի, խաղողի այգիներ և ցորենի ցանքատարածքներ

Հունիսի 4-ին` ժամը 17:58-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17:42-ից մինչև 17:51-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի ցանքատարածքները.  տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը:

Նախնական տվյալներով գյուղում կարկուտից մասամբ վնասվել են ծիրանի (9 հա), խնձորի (7.5 հա), խաղողի (100 հա) այգիներ և ցորենի ցանքատարածքներ (23 հա):

Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հատուկ հանձնաժողով: Նշված տարածքը ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի վերահսկվում:

Իսկ ժամը 17։50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արայի 2 թաղամասում ժամը 17.40-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է խնձորի այգի (մոտ 1 հա):

Դեպքի մասին տեղեկացվել են Աշտարակի քաղաքապետի տեղակալը, քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերը:

Աշտարակի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետից տեղեկատվություն է ստացվել, որ Ս. Ն.-ին պատկանող ջերմոցում վնասվել է հատիկավոր մշակաբույս (լոբի)՝ մոտ 100 քմ:

Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հատուկ հանձնաժողով: Նշված տարածքը ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի վերահսկվում:

Back to top button