Հասարակություն

Ինչն է մտահոգում ԶԼՄ-ների խմբագիրներին

lusinevasilyan
Օրերես հայաստանյան տպագիր եւ էլեկտրոնային 15 լրատվամիջոցների խմբագիրներ հանդես եկան  լրատվական դաշտը կարգավորելու մասին հայտարարությամբ:  ԶԼՄ-ների ղեկավարներն ուշադրություն են հրավիրում հատկապես  առցանց լրատվամիջոցների գործունեության վրա, նշում , որ այս դաշտում օրենսդրական կարգավորումների և վերահսկողության կարիք կա: Հայտարարության հեղինակները նաև մի քանի առաջարկներ են անում և վստահեցնում , որ պատրաստվում են գործնական քայլեր ձեռնարկել: Ինչն է մտահոգում խմբագիրներին, ինչ են առաջարկու փոխել և ինչպես :

 

Հայաստանում գործող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների 15 ղեկավարներ հունիսի 2-ին տարածած հայտարարությամբ  իրենց մտահոգությունն են հայտնում առցանց լրատվամիջոցների դաշտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշում են, որ այս դաշտում վիճակն անվերահսկելի է դարձել:  Մասնավորապես, ըստ խմբագիրների, որպես առցանց լրատվամիջոց հանդես եկող կայքերի մի մասը գործում է օրենքներից ու բարոյական նորմերից դուրս, անարգել ու  անվճար օգտվում է մյուսների աշխատանքի արդյունքներից:

Այդ  կայքերն  իրենց այցելուների մի հսկայական զանգված ապահովում են թերթերի մամուլի տեսությունների, այլ լրատվամիջոցներից գողացված տեղեկությունների եւ հոդվածների շնորհիվ՝ նշում են խմբագիրներն ու իրավիճակի նկարագրությունը շարունակում ավելի խիստ որակումներով. «գրագողությամբ, շորթմամբ ու քաղաքական ահաբեկչությամբ զբաղված լրագրողներն ու լրատվական հարթակները վարկաբեկում են հասարակությանը ծառայող ԶԼՄ-ներին, վնասում նրանց հեղինակությանը» , — նշվում է հայտարարության մեջ:

Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը լրատվամիջոցների ղեկավարների մտոհոգությունը հասկանալի, իսկ նման արձագանքը տեղին է համարում:

Բայց հարցը, թե ինչպես պետք է կարգավորվի իրավիճակը, փորձագետի համար նույնքան միանշանակ չէ:  Հայտարարությունը ստորագրած ղեկավարները օրենսդրական փոփոխությունների առաջարկ  են անում:  Մասնավորապես  նշում են, որ  պետք է փոխել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, որոնցից մեկը կարող է լինել օրենքի 11-րդ հոդվածի պարտադիր կիրառումը նաեւ լրատվական օնլայն հարթակների համար: Պետք է կայքի տեսանելի հատվածում տեղադրվի ինֆորմացիա` մատնանշելով լրատվամիջոցի հասցեն, հեռախոսահամարը, թողարկման պատասխանատուի, խմբագրակազմի տվյալները, ինչպես արվում է թերթերի դեպքում։ Այլապես նրանք պետք է համարվեն բլոգային դաշտի ներկայացուցիչներ, բայց ոչ լրատվամիջոցներ՝ դրանից բխող հետեւանքներով:

Մեսրոպ Հարությունյանը կարծում է, որ սա փոփոխություն է,  որը կարելի ու պետք է անել, բայց սա չէ այն միակ փոփոխությունը, որն անհրաժեշտ է դաշտը կարգավորելու համար:

«Իհարկե լավ կլինի, որ փոփոխություն կատարվի ու էլեկտրոնային լրատվամիջոցներ էլ պարտավոր լինեն ներկայացնել այն բոլոր ելքային տվյալները, որոնք պարտադիր են թերթերի ու հեռուստաընկլրեւոյթունների համար: Բայց արդյոք դա կլուծի գրագողության, որակի ու այլ հացեր: Կասկածում եմ»:

Փորձագետի մյուս մտահոգությունն այն է, որ հնարավոր է լավ նախաձեռնությունը բերի նոր վտանգների. չի բացառվում, որ դաշտը կարգավորելու բարի ցանկությունը դառնա  նոր սահմանափակումների փորձ:

Նման մտավախություն ունի նաև ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ լրագրող Մարգարիտ Եսայանը: Նա նույնպես հասկանում է խմբագիրների մտահոգությունները, կարծում է, որ դրանք իսկապես հիմնավոր են, բայց վստահ չէ, որ ներկայացված առաջարկները լուծելու են խնդիրները:

Ակնհայտ է, որ խնդիրներ կան՝ գրագողությունից, չճշտված աղբյուրների կողմից  ապատեղեկատվության տարածումից մինչև  հնարավորության բացակայություն՝  պահանջելու  փոխել տեղեկատվությունը , քանի որ  չկա հետադարձ կապ հաստատելու հնրավորթյուն:  Պատգամավորն օրենսդրական բաց տեսնում է:

Այդուհանդերձ պատգամավորը կարծում է, որ կոնկերտ լուծումները լուրջ քննարկման կարիք ունեն: Ոևպես նախկին լրագրող և գործող պատգամավոր առաջարկում է նաև իր աջակցությունը,  իսկ մեր այս անդրադարձը հորդորում  համարել համատեղ քննարկումների հրավեր:

Back to top button