Հասարակություն

Շահինյան փողոցի 4-րդ նրբանցքն անվանակոչվեց եզդիների ազգային հերոսի անվամբ

hasmikmartirosyan
1918 թվականին հայ ժողովորդի հետ պայքարի ելավ նաև եզդի ժողովուրդը՝ Ջահանգիր աղայի և Ուսուբ բեկի գլխավորությամբ: Ջահանգիր աղան ղեկավարել է 1500 հոգանոց հեծելազոր և, լինելով թիկունքում, պայքարել Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի համար: Այսօր Ավան վարչական շրջանի Շահինյան փողոցի 4-րդ նրբանցքն անվանակոչվեց  եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անվամբ՝ Ջահանգիր աղայի փողոց։

 

jhangir axa«Եզդիները ՀՀ-ն համարում են իրենց հայրենիքը, հպարտանում մայիսյան հերոսամարտերով ու Հայաստանի լինելության համար մղած պայքարում եզդի ժողովրդի պայքարով»: Այս միտքն  այսօր հնչել է  եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անվամբ՝  Երեւանի Ավան վարչական շրջանի Շահինյան փողոցի 4-րդ նրբանցքը Ջահանգիր աղայի փողոց անվանակոչության ժամանակ: Փողոցի անվանակոչության հարցը ներառված է եղել Երեւանի ավագանու մայիսի 25-ի նիստի օրակարգում, որը քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ կյանքի է կոչվել: Հանրային ռադիոյի եզդիերեն ռադիոհաղորդումների ավագ խմբագիր, վաստակավոր լրագրող Հասան Թամոյանը ոգևորությամբ է խոսում եզդի ժողովրդի հերոսի անունով փողոցն անվանակոչելու մասին, և նշում, որ վերջինիս անհրաժեշտությունը կար: «Չնայած, որ Ջահանգիր աղայի գործունեությունը գնահատվել է՝ 1968 թվականին Սարդարապատի հուշահամալիրի տարածքում տեղադրվել է հարթաքանդակ, Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտում կանգնեցվել է կիսանդրի, ինչպես նաև լսարաններից մեկը անվանակոչվել է հերոսի անունով, սակայն ցանկալի էր նաև փողոց անվանակոչել, որը և Երևանի քաղաքային իշխանությունների օգությամբ տեղի ունեցավ»,-ասում է Հասան Թամոյանը:

Եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր աղան եղել է Վանի գավառի 12 եզդիաբնակ գյուղերի ղեկավար։ Ցեղասպանության տարիներին Ջահանգիր աղան, իր զինվորականների օգնությամբ, ապահովել է հայ եւ եզդի գաղթականների անվտանգ տեղաշարժն Արեւելյան Հայաստան։ 1915թ. տեղափոխվել է Արեւելյան Հայաստան եւ բնակություն հաստատել Ապարանի Ջառջառիս գյուղում։ Ջահանգիր աղան ակտիվ մասնակցություն է ցուցաբերել 1918թ. Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի ճակատամարտերին։ Ջահանգիր աղայի թոռնուհին՝ Զեմֆիրա Խատիևան, ներկայացնելով պապին, հպարտություն է ապրում, որ նա պայքարել է ՀՀ անկախության համար և եղել Անդրանիկ զորավարի մտերիմը:

«1909 թվականին Ջհանգիր աղան երբ հանդիպում է Զորավար Անդրանիկին, գրավում է  նրա ուշադրությունը։ Անդրանիկն իմանալով, որ Ջհանգիր աղան նշանված է, պատրաստակամություն է հայտնում դառնալ նրա հարսանյաց քավորը»,-ընտանեկան պատմությունն է ներկայացնում թոռնուհին և շարունակում, երբ  1919 թվականին Անդրանիկ Զորավարը Էջմիածին է հրավիրում Ջհանգիր աղային, նրանք  երկար զրուցում են: Թե կոնկրետ ինչ էին խոսել, տիկին Խատիևան չգիտի, սակայն Ջհանգիր աղայի զինակցի պատմելով` Անդրանիկը Ջահանգիր աղային հրավիրել է իր հետ մեկնել  արտասահման: եզդի առաջնորդը հրաժարվել է: Անդրանիկը Ջհանգիր աղային նվիրում է սպարապետին վայել հագուստ, և նրանք տխուր բաժանվում են: Այնուհետև, 1920թ. Նյու Յորքից ուղարկված նամակում Անդրանիկը խնդրում է ջերմ բարևներ փոխանցել աղային: «Նրանք նամակագրական կապի մեջ էին: Հպարտ եմ, որ զորավարի թոռն եմ: Նա ողջ կյանքը նվիրեց Հայաստանին»,-ասում է  Զեմֆիրա Խատիևան:

«Թուրքերի համար ահուսարսափ էր Ջհանգիր աղան,  նա գիտեր թուրքերի թույլ տեղը, նրանք վախենում էին կռվել գիշերը, իսկ նա մարտերը սկսում էր հենց գիշերը: Ջհանգիր աղան ոչ միայն եզդիների համար էր սիրելի, այլ նաև հայերի»:

1918թ. քաջության եւ խիզախության համար Ջահանգիր աղան պարգևատրվել է «Գեւորգյան» խաչով։ 1938թ. աքսորվել է։ Ջահանգիր աղան մահացել է 1943թ. աքսորավայրում, որտեղ էլ հանձնվել է հողին։ 1956թ. հետմահու արդարացվել է։ Մայիսյան հերոսամարտին եզդի ժողովրդի ունեցած դերի մասին այսօր խոսեց  նաև նախագահ Սերժ Սարգսյանի կողմից  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով հետմահու պարգևատրված, ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի հայրը, ով նշեց որ այսօր էլ իրենց որդիները շարունակում են Ջահանգիր Աղայի գործը և հպարտ են, որ եզդի ժողովուրդն այսօր էլ հայ զինվորների հետ կողք կողքի պայքարում են խաղաղության համար:

Back to top button