ԿարևորՔաղաքական

Սուլթան էրդողանին «ապտակից» հետո գերմանահայերը նոր անելիքներն են հստակեցնում. Օրդուխանյան

lianaeghiazaryan
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին հատուկ բանաձեւի ընդունումը ոչ միայն դատապարտող բնույթ ունի, այլեւ նոր ծրագրեր ու անելիքներ է ենթադրում: Գերմանիան, մասնավորապես, պարտավորվում է վերանայել իր դասագրքերը եւ կրթական ծրագրերը` դրանցում 1915-ին Օսմանյան կայսրության իրագործածը ներկայացնելով որպես ցեղասպանություն: Գերմանիայում գործող հայտնի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը «Ռադիոլուր»-ի հետ բացառիկ զրույցում Գերմանիանից փոխանցում է` առաջիկա անելիքները շատ են եւ հրատապ:

 

 

Գերմանիան, ընդունելով իր մեղսակցությունը 1915-ին իրագործված Հայոց ցեղասպանությանը, իր նոր բանաձեւով պարտավորվում է նպաստել հայ-թուրքական հարաբերություններում նոր հիմնաքար դնելուն: Սա ենթադրում է նաեւ ֆինանսական միջոցների տրամադրում` երկու կողմում գիտական, հասարակական, տնտեսական համատեղ ծրագրերի իրագործման համար: Բայց այստեղ թե Գերմանիայի հայ համայնքի, թե հայկական կառավարության կողմից լուրջ եւ հրատապ անելիք կա: Միայն գերմանական կողմի վրա հնարավոր չէ հենվել, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում շեշտում է Գերմանիայում գործող հայտնի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը:

«Անմիջապես պետք է սկսենք աշխատել գերմանական դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության եւ ընդհանրապես հայկական հարցի մասին նյութեր տեղադրելու ուղղությամբ: Երկրորդ քայլը գիտական, մշակութային ծրագրերի եւ թեմաների ներկայացումն է, որպեսզի օգտվենք Բունդեսթագի տրամադրած հնարավորություններից: Միգուցե նաեւ հայկական կենտրոնի բացում Բեռլինում` նոր մակարդակի շենքային պայմաններով»:

Բունդեսթագի ընդունած բանաձեւը ոգեւորության հսկա ալիք է բարձրացրել տեղի հայ համայնքի մոտ: Ոմանք նաեւ շնորհակալություն են հայտնում գերմանական կառավարությանը, ինչի կարիքը, սակայն, Ազատ Օրդուխանյանը չի տեսնում, բայց եւ հայտարարում է`

«Հայերն իրենց համարում են հաղթած»:

Հարցը լուծված, վերջացած է, ասում է «Հայ ակադեմիականների միության» նախագահը` անդրադառնալով որոշ դիտարկումների, թե Գերմանիան դեռ կարող է հապաղել բանաձեւին օրենքի տեսք տալու հարցում: Բայց պատմաբանը կցանկանար փաստաթղթում որոշ այլ ձեւակերպումներ էլ տեսնել:

«Ինձ համար  բացակայում է հայրենազրկություն բառը: Դա միայն Գենոցիդ չէր: Չկա Արեւմտյան Հայաստանի մասին տեղեկություն, չի ասվում, որ մենք գաղթական ժողովուրդ ենք դարձել Ցեղասպանության հետեւանքով»:

Ինչո՞ւ Գերմանիան հենց հիմա գնաց դաշնակից Թուրքիայի դեմ այսպիսի քայլի` չնայելով պաշտոնական Անկարայի հոխորտանքներին ու զգուշացումներին: Զրուցակիցս կարծիք է հայտնում, թե այս որոշումն այժմ Գերմանիային պետք էր նույնքան, որքան Հայաստանին, ու սեփական միտքը բացատրում այսպես`

«Գերմանիան որոշակի հարցեր ունի Թուրքիայի հետ, թուրքական համայնքի հզորացման եւ այդ երկրի ամբարտավան կեցվածքի հետ:  Մանավանդ վերջին տարիներին թուրքական իշխանություններն ուղղակի միջամտում էին գերմանական թատրոնների, օպերաների, սիմֆոնիկ նվագախմբերի գործունեությանը` իրենց թույլ տալով որոշել, թե գերմանական մշակութային օջախներում ինչ բովանդակության նյութեր պետք է ներկայացվեն: Էրդողանի իշխանությունն այնքան էր առաջ գնացել, որ այդ սուլթանին պետք է անպայման ապտակ տրվեր»:

Որքան էլ պաշտոնական Անկարան հոխորտա ու դժգոհի գերմանական իշխանությունների վերաբերմունքից, որեւէ հակընդդեմ քայլի գնալ չի կարող, վստահ է Ազատ Օրդուխանյանը: Թուրքիան հասկանում է, որ հարաբերությունների վերանայման որեւէ փորձի դեպքում ինքը տասնապատիկ կտուժի: Դա կբերի այդ երկրի քաղաքական, մշակութային, տնտեսական իմիջի կորստի: «500 տարվա դիվանագիտություն ունեցող օսմանները գոնե այդքանը պետք է հասկանան: Կարող են ընդամենը խոսել, բղավել, թատրոն սարքել, ոչ ավելին»,-Օրդուխանյանն է փոխանցում:

«Սա ուղղակի, բացահայտ եմ ասում բառը, ուղղակի կապիկություն է` հոխորտալ, որոշումներ ընդունել, հայտարարել, թե մենք կգանք, այսպես կանենք, այնպես կանենք»:  

Զրուցակիցս մի կարեւոր դիտարկում էլ ունի, որի վրա ուզում է գրավել հայաստանյան շրջանակների ուշադրությունը: Գերմանիայում ոչ մի 3.5-4 մլն-անոց թուրքական համայնք էլ չկա: Էթնիկ թուրքերի թիվը 5-600 հազարից չի անցնում: Գերմանիայում թուրք են համարվում Թուրքիայի քաղաքացիություն ունեցողները, բայց դա մեծ սխալ է: Թուրքիայի քաղաքացի են ասորիներ, հույներ, չերքեզներ, քրդեր, ալեւիներ, անգամ հայեր, ամենատարբեր ազգեր, որոնք թուրք ու թուրքական շահերի պաշտպան չեն: Ջեմ Օզդեմիրի օրինակը` փաստ:

Back to top button