Քաղաքական

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման փաստացի եւ զգայական դրվագները

mariapapyanlianaeghiazaryan

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության քննարկմանը, քվեարկությանը  եւ բանաձեւի նախագծի ընդունմանը նախորդել են Բունդեսթագի պատգամավորներին եւ հարցը լուսաբանող լրագրողներին թուրքական շրջանակներից սպառնալից նամակներ ուղղելը, ինչին այսօր Բունդեսթագի լիագումար նիստի իր բացման խոսքում անդրադարձել է նաեւ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը` շեշտելով, որ գործը հասել է ընդհուպ մինչեւ սպառնալիքների: Լամմերտն իր զգուշացումն է ուղղել թուրքական շրջանակներին:

Բանաձեւի ընդունմանը հաջորդել է պաշտոնական Անկարայի հիսթերիկ արձագանքը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը շտապել է մեկնաբանել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումն ու հոխորտացել, թե Գերմանիայի խորհրդարանի որոշումը լրջորեն կվնասի Թուրքիա-Գերմանիա հարաբերություններին: «Վերադառնալուց հետո այս ամենը կքննարկենք և կորոշենք, թե ինչ քայլ պետք է ձեռնարկել, ինչից հետո էլ կձեռնարկենք այն քայլերը, որոնք պետք են»,- ասել է։

Թուրքիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպան Հուսեյն Ավնի Կարսլըօղլուին: Թուրքիայի ԱԳՆ այս որոշումն անմիջապես հաջորդել է Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Յասին Աքթայը բանաձևի ընդունման առնչությամբ նշել է, որ Բունդեսթագի քվեարկությունը «լուրջ վնաս պատճառեց թուրք-գերմանական հարաբերություններին»: Թուրքիայի ԱԳՆ-ն իր հերթին կանչել է Թուրքիայում Գերմանիայի դեսպանին` պատասխան պահանջելու: Մարտին Էրդմանից բացատրություն է պահանջվել ընդունված 100 տարվա վաղեմության դեպքերին ճիշտ անունը տալու որոշման առնչությամբ:

Մինչ արտասահմանյան ամենատարբեր լրատվամիջոցներ խոսում են պատմական արդարացի «ապտակի» մասին, որը Գերմանիան ուղղել է ռազմավարական դաշնակից Թուրքիային,  Անգելա Մերկելը երկիմաստ հայտարարություններով փորձում է հանդարտեցնել Անկարային։

Այս փաստերն արձագանքել ու մեկնաբանում է Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման ողջ ընթացքին, այսօրվա իրադարձությունների փաստացի եւ էմոցիոնալ դրվագներին հետեւած Լիանա Եղիազարյանը:

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից

 

Back to top button