Հասարակություն

Oրենքի բացը`Ազգային ավիացիայի փլուզման հիմնական պատճառ.Դմիտրի Աթբաշյան

karenghazaryan
Հայաստանում ավիացիայի խնդիրների եւ ազգային փոխադրող ունենալու հրամայականին են այսօրվա մամուլի ասուլիսում անդրադարձել ՀՀ հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանը, նույն կառույցի, նույն հանձնաժողովի անդամ, նախկին օդաչու Հակոբ Ճաղարյանը եւ ավիաինժեներ Գրիգորի Վարդանյանը: Նրանք միանշանակ համոզմունք են հայտնել, որ Հայաստանի նման երկրում ազգային ավիափոխադրող ունենալն անհրաժեշտությունն է, իսկ դրա համար անհրաժեշտ է պետական մոտեցում եւ հովանավորչություն:

 

Ազգային ավիացիայի փլուզման հիմնական պատճառը Դմիտրի Աթբաշյանը համարում է օրենքի բացը: Այնտեղ նախատեսված չէ ավիացիայի զարգացումն ու դրա համար պատասխանատու մարմին՝ ասաց նա: Նա համոզված է, որ հենց նույն պատճառով էլ ազգային ավիացիա ստեղծելու փորձերը ձախողվում են:

«Գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանը չուներ եւ մինչեւ հիմա չունի լավ մշակված եւ կատարելագործված օրենսդրական դաշտ՝ ավիացիայի աշխատելու եւ զարգանալու համար: Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը պահանջում է, որ քաղավիացիայի գլխավոր մարմինը զբաղվի ավիացիայի զարգացմամբ եւ դրա համար պատասխանատու լինի եւ կառավարության, եւ օրենսդիր մարմնի առջեւ:  Մեր «Ավիացիայի մասին» օրենքում նման կետեր չկան»:

Այդ նպատակով իրենք մշակել են օրենսգիրք եւ ներկայացրել քննարկման: Քաղավիացիայից ի պատասխան նշել են, թե այդ օրենսգիրքի նախագիծը Ռուսաստանի համապատասխան օրենսգրքի ուղղակի թարգմանությունն է՝ առանց հաշվի առնելու միջազգային վերջին տարիների փորձը: Հանրային խորհրդի ներկայացուցիչներն այս ձեւակերպման հետ համաձայն չեն: Ավիաինժեներ Գրիգորի Վարդանյանը մասնավորապես շեշտեց հետեւյալը.

«Այդ նախագիծը պարունակում է այնպիսի բան, ինչպիսին պատասխանատվությունն է ավիացիայի զարգացման համար: Դա շատ կարեւոր է, քանի որ փորձը ցույց է տալիս, որ հենց այդ պատասխանատվության չլինելու պատճառով մեր ավիացիան բնաջնջվեց՝ կորցրինք մենք ավիացիան»:

Ոչ մի ավիաընկերություն, բացի ազգայինից, պատերազմի ժամանակ թռիչքներ չի իրականացնի եւ դա ցույց է տվել փորձը՝ ասաց բանախոսը: Նա նաեւ նկատեց, որ իրենց մշակած նախագծում առկա են նաեւ դրույթներ փոքր ավիացիայի զարգացման մասին:

Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի անդամներից, նախկին օդաչու Հակոբ Ճաղարյանի խոսքով էլ՝ կասկածից դուրս է, որ Հայաստանը դատապարտված է սեփական ավիափոխադրող ունենալու: Այս հարցում պարզապես իրենց եւ քաղավիացիայի վարչության մոտեցումներն են տարբեր: Հակոբ Ճաղարյանը կարծում է, որ Օրենսգիրք ունենալը միայն քիչ է՝ ազգային փոխադրող ունենալու եւ ավիացիան զարգացնելու համար: Պետական մոտեցում եւ աջակցություն է պետք՝ ազգային անվտանգությունից ելնելով՝ ասաց նա:

«Անհրաժեշտ է պետական մոտեցում, պետական հովանավորչություն սեփական երկրում գտնվող, գրանցվող ավիաընկերություններին, ինչը տեղի չունեցավ: Նման պարագայում Հայաստանում ծնվող բոլոր ավիաընկերությունները, ցավոք սրտի, դատապարտված են կործանման»:

Հակոբ Ճաղարյանը չկիսեց վերջերս Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի այն պնդումը, թե Հայաստանում ավիատոմսերն ավելի էժան են, քան Վրաստանում: Նա դա փաստեց թվերով: Ասաց նաեւ, որ նախարարը ճիշտ էր միայն այն հարցում, որ թռիչքի եւ վայրէջքի համար արժեքը մեզ մոտ էժան է:

Ի դեպ, Դմիտրի Աթբաշյանն այսօր անդրադարձավ նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը վերաբերող հարցին՝ շեշտելով, որ այն լիովին պատրաստ է եւ աշխատեցնելու համար ընդամենը մի քանի օր անհրաժեշտ կլինի: Ավիաինժեներ Գրիգորի Վարդանյանն էլ հավելեց, որ Ստեփանակերտի օդանավակայանից թռչելիս օդանավերը 2 րոպե հայտնվում են ադրբեջանական ռադիոլոկացիոն սարքավորումների տեսադաշտում, ուստի համարվում է, որ կարող է վտանգ լինել միայն թռիչքի ժամանակ:

Back to top button