Քաղաքական

Կաժոյան. Հենց Ադրբեջանն է խոչընդոտում ՅՈւՆԵՍԿՕ- ի փաստահավաք առաքելությունը

ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետը հերքել է Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանն է խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ- ի փաստահավաք առաքելությունը Արցախում։

Բոլոր այն պնդումները, թե Հայաստանը դեմ է եղել պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման դիտորդական առաքելություններին, այդ թվում` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. Հաագայի կոնվենցիայի 23-րդ հոդվածի ներքո կազմակերպության կողմից փաստահավաք տեխնիկական առաքելություն ուղարկելուն, իրականությանը չեն համապատասխանում՝ «Արմենպրեսին» ասել է ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը։

«Ադրբեջանը, չնայած բազմաթիվ կոչերին, մինչ օրս մերժում է ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը, ինչպես նաև Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման (ICOMOS) խորհրդի 16-րդ գլխավոր վեհաժողովի կողմից 2008 թվականին ընդունված բանաձևի պահանջը՝ ընդունելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ICOMOS-ի կողմից համատեղ փաստահավաք առաքելությունը Նախիջևան՝ Ջուղայի «տարածքն ուսումնասիրելու և արդյունքները միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով»,- ասել է Կաժոյանը։

Դիվանագետը հիշեցրել է, որ 1998-2006թթ. ընթացքում ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն ամբողջությամբ ոչնչացրին Ջուղայի հայկական գերեզմանոցի` 9-ից 16-րդ դդ. թվագրվող, մշակութային բարձր արժեք ներկայացնող, հազարավոր եզակի խաչքարերն ու տապանաքարերը, իսկ տարածքը Ադրբեջանի կառավարության կողմից վերածվեց ռազմական հրաձգարանի: Այս բարբարոսությունը տեսանկարահանվել է։ Ջուղա այցելել և տեղում իրավիճակին ծանոթանալ Բաքուն արգելում է ոչ միայն միջազգային կազմակերպություններին, այլև Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին: Ըստ փորձագիտական գնահատականների՝ այսօր Նախիջևանում ոչնչացված են հայկական մշակութային ժառանգության բոլոր արժեքները:

Ի տարբերություն Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղում առկա հուշարձանները, անկախ դրանց ծագումից, գտնվում են պետական հոգածության ներքո, ինչում համոզվել են բազմահազար այցելուները ԼՂ-ում գտնվելու ընթացքում՝ նշել է Վահրամ Կաժոյանը։

Back to top button