Վերլուծական

Երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպումից էական ակնկալիքներ չկան

lenabadeyan
Արդյո՞ք Վիեննայի պայմանավորվածությունները կհանգեցնեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման: Այսպիսի կանխատեսումներ շատ վերլուծաբաններ փորձում են դեռ չանել՝ կխոսեն արտգործնախարարների հանդիպումից հետո: Բայց եւ արդեն այս պահին նշում են, որ թե արտգործնախարարների ու նույնիսկ նախագահների հնարավոր հանդիպումները բեկումնային չեն լինելու եւ զգալի հետեւանքներ չեն ունենալու:

 

Ապրիլյան պատերազմից եւ Վիեննայի հանդիպումներից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների առաջին շոշափելի իրադարձությունը կողմերի միջեւ հունիսի սկզբին նախատեսված հանդիպումն է: Միայն դրանից հետո հստակ պարզ կլինի, արդյո՞ք կկայանա Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը, թե՞ ոչ: Թե հունիսի սկզբի, եւ թե երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպումից էական ակնկալիքներ չկան: Դա ասում են եւ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը, եւ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Այն, որ Ադրբեջանը կառուցողական չի տրամադրված, փաստում է հենց Վիեննայի հանդիպումը: Այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններն ու հայտարարությունը եռակողմ էր՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուների անունից: Մինչդեռ այդ հայտարարությունը պետք է լիներ հնգակողմ՝ ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը: Հիշեցնենք, հայտարարության մեջ կար երեք կետ՝  94- 95 թվականների եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերի անխտիր իրականացում, զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծում եւ ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում: Օրեր առաջ ԱԺ-ում հենց արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը բացատրեց, թե ինչու Վիեննայի հայտարարությունն ստորարգրել էին միայն միջնորդները.

« Ես կարող եմ ասել, որ Ադրբեջանը, փաստորեն, հրաժարվեց միանալ այդ հայտարարությանը, որն արել էին եռանախագահները, դրա համար դա դարձավ եռակողմ հայտարարություն: Այո, հունիսի սկզբին նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Առանձին հանդիպումներ են լինելու Հայաստանի արտգործնախարարի եւ Ադրբեջանի արտգործնախարարի եւ միգուցե, այդ հանդիպումների ժամանակ նաեւ մենք կշարունակենք քննարկել այն հնարավորությունները, որպեսզի լիակատար իրականացվեն  պարտավորությունները, որոնք եռք էին բերվել Վիեննայում»:

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման մասին խոսել դեռ վաղ է, այս պահին ամեն ինչ արվում է համապատասխան պայմաններ ստեղծելու համար, ասել էր Նալբանդյանը: Բայց ահա Արա Պապյանի համոզմամբ՝ Ադրբեջանը գնում է հարցի ռազմական լուծման: Նա կանխատեսում է, որ ամռանը կրկին որոշակի սրացումներ կլինեն: Օգտագործելով «փուլային պատերազմներ»  ձեւակերպումը՝ Պապյանը  կարծում է, որ Ադրբեջանը փոքրիկ ռազմական հաղթանակների ճանապարհով է փորձելու գնալ:

«Եթե Ադրբեջանը շարունակելու է զենքի գնումները եւ Ռուսաստանն ու Իսրայելը շարունակելու են մատակարարել, պետք է ակնկալել, որ Ադրբեջանի դիրքը կոշտանալու է: Ադրբեջանին կարելի է ապրտադրել խաղաղություն միայն, եթե մենք կարողանանք Հայաստանում էական ներքին փոփոխությունների ճանապարհով հզորացնենք տնտեսությունը, վերջ տանք այս կոռուպցիային, բանակը կարգի բերենք, նոր զինատեսակներ գնենք, այսինքն՝ Ադրբեջանը պետք է հասկանա, որ որեւէ շանս չունի հարձակման դեպքում որեւէ հաջողության հասնելու»:

Ռազմական գործողությունների վերսկսում չի բացառում նաեւ Կարեն Բաեքարյանը, բայց խնդիրին մոտենում է այլ դիտանկյունից:

«Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում մենք որեւէ առիթ, պատճառ չունենք հանգիստ լինելու, թե կապված, որ չկա այդ վստահությունը Ադրչգբեջանի նկատմամբ եւ կապված րա հետ, որ մենք չունենք արդեն պայմանագիր, ստորագրչած խաղաղություն, դրա իմպլեմենտացիա եւ այլն, եւ այլն»:

Արդյո՞ք միջազգային հանրության մոտ կա Ադրբեջանին զսպելու բավարար կամք՝ «Ռադիոլուրի» հարցին պատգամավոր Կարեն Բեքարյանը պատասխանեց հետեւյալ կերպ.

«Չէ, չեմ տեսնում, հուսով եմ, որ դա արձանագրվում է առավելապես դիվանագիտական խողովակով իրենց աշխատանքով, բայց , իհարկե, վաղուց ժամանակն է, որ դա լինի նաեւ հանրության համար մատչելի, տեսանելի բոլորին»:

Արա Պապյանի համոզմամբ՝ այս փուլում արդեն ղարաբաղյան հակամարտությունը ոչ այնքան Ղարաբաղի շուրջ է եւ Ղարաբաղի համար:

« Հայերի, Հայաստանի եւ եւ Ադրբեջանաբնակ թյուրքերի միջեւ է այդ հակամարտությունը, որոնք հաճախ օսմանյան թուրքերի ժառանգների պատվերներն են կատարում, այսինքն՝ հայկական գործոնի չեզոքացումն է»:

Իրավիճակի վրա նույն միջազգային հանրության ազդեցության առումով Արա Պապյանն օրինակ է բերում՝ ապրիլյան դեպքերն ակնհայտ ցուցադրեցին, որ ասենք Ռուսաստանը չի ցանկանում եւ չի էլ կարող զսպել կողմերից մեկին՝ նկատի ուներ Ադրբեջանը:

Back to top button