Հասարակություն

Ընտանեկան կյանքը հաշմանդամ երեխայի հե՞տ, թե՞ առանց նրա. հայ ընտանիքի խնդիրները լուծում են պահանջում

lianaeghiazaryan

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ` հայաստանյան հկ-ների ներկայացուցիչները հերթական անգամ բարձրաձայնել են մտավոր եւ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին: Խոսելով մոտեցումների մասին, թե հատկապես մտավոր խնդիրներով երեխաներին պետք է հանձնել հատուկ հաստատություններ ու ընտանեկան կյանքը շարունակել ավելի խաղաղ կերպով, «Փրկություն» հկ տնօրեն Արփինե Աբրահամյանը շեշտել է` «այդ երեխային ոչ ոք քեզ չի տվել, դու ես նրա տերը, դու էլ պետք է հոգ տանես»: «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանն էլ շեշտել է` պետությունը, այո, հաշմանդամների կողքին է,  բայց մոտեցումները շատ հաճախ ձեւական են:

 

Երբ ընտանիքում մտավոր խնդիրներով երեխա է ծնվում, ծնողներն անցնում են շոկային 4 փուլ, ու բոլոր փուլերում էլ ընտանիքը մտավախություն է ունենում` հասարակությունը կընդունի՞ իրենց երեխային, թե՞ ոչ: Ընդ որում` ընտանիքներն առաջին հերթին իրենք խնդիր ունեն երեխային որպես այդպիսին ընդունելու ու նրան ներկայացնելու հարցում: Շատ են, ցավոք, դեպքերը, երբ այսպիսի երեխայի լույս աշխարհ գալը վտանգում է ընտանիքն ու ամուսնալուծության պատճառ դառնում՝ ասում է «Փրկություն» հասարակական կազմակերպության տնօրեն Արփինե Աբրահամյանը: Այս կազմակերպությունը զբաղվում է հենց մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց հարցերով, ու Արփինե Աբրահամյանը կարող է մանրամասն թվարկել նրանց խնդիրները: «Շատ մեծ խնդիր է նրանց ներառումը կրթական համակարգում: Դպրոցներում այսօր մանկավարժի օգնականի ինստիտուտը բացակայում է»:

Ճակատագրով` հավերժ երեխա. Հայաստանում չկա միջավայր, որտեղ մտավոր խնդիրներով մարդիկ կարող են իրենց յուրային զգալ: Նրանց կյանքի կազմակերպման ու մասնագիտություն ստանալու պայմանները խիստ սուղ են՝ ասում է «Փրկություն» կազմակերպության տնօրենը:  Երբ ընտանիքում ծնվում է նման երեխա, առաջինը տարածքային մանկաբույժը եւ բուժքույրը պետք է աշխատեն այդ ընտանիքի հետ` ներգրավելով հոգեբանների, որպեսզի ընտանիքը պատրաստ լինի քայլել դեպի հասարակություն: Ծնողն ինքն էլ պետք է տարբեր դռներ թակի` պահանջելով իր երեխայի համար ապահովել նրա մտավոր ունակություններին համապատասխան կրթություն՝ ասում է տիկին Արփինեն ու հիշում մի պատմություն։ «Մեր կենտրոն այցելում է Դանիկն արդեն 7-րդ տարին, ու մենք հասել ենք նրան, որ նա կարողանում է ինքնուրույն ճաշ ուտել: Դա կարող է չնչին արդյունք թվալ, բայց Դանիկի նման ծանր մտավոր խնդիր ունեցող, խորը Դաունի համախտանիշով երեխայի համար դա շատ մեծ ձեռքբերում է»:

Ներառական կրթությանը մենք կողմ ենք, բայց դրա իրականացման ձեւը չի բավարարում` թեման շարունակում է «Ունիսոն» հկ նախագահ Արմեն Ալավերդյանը: «Մեզ շարունակ քննադատում են հաշմանդամների հարցերով զբաղվողներին քննադատելու համար, բայց այլ կերպ էլ չենք կարող»,- ասում է: Արվածն արված է, տեսնում ենք  ու գնահատում, բայց հարցերն էլ բազմաթիվ են: Նա  ֆիզիկական հաշմանդամություն ունեցողների խնդիրներն անգիր գիտի: «Պետությունը լսեց մեր ահազանգերը, բազմազանեցրեց, օրինակ, հաշմանդամներին տրամադրվող օժանդակ սարքերի տեսականին, բայց որակ չկա»,- նշում է:

Երեք տարին մեկ, ըստ օրենքի, հաշմանդամը պետք է պետությունից ստանա իրեն անհրաժեշտ սարքավորումները: Բայց հենց այս պահին, ասում է «Ունիսոն» ՀԿ նախագահը, հաշմանդամ երեխաների ծնողներից նամակներ-խնդրանքներ ունենք, որ մենք` որպես ՀԿ, իրենց օգնենք, սայլակ տրամադրենք: Սոցապնախարարությունից ասել են` այս տարվա հատկացվելիքը վերջացել է:«Բայց տարին դեռ կես չի եղել, իսկ մինչեւ եկող տարի այլեւս պետական գնումներ չեն արվելու»:

Երբ խոսվում է հատկապես մտավոր խնդիրներով երեխաների մասին, տեսակետեր են հնչում, թե ամուսնալուծության ու ընտանեկան քաոսի չհասնելու համար տարբերակ է այդ երեխաներին հատուկ հաստատություններ հանձնելը: Հայաստանում էլ տարբեր դեպքերի բերումով նման բուռն քննարկումներ են եղել: Մոտեցումները տարբեր են, փաստը մեկը` խոսքը սեփական երեխայի մասին է:

 

 

Back to top button