Հասարակություն

Ամերիկյան համալսարանը տոնում է իր հիմնադրման 25- ամյակը

sonahakobyan

Այս տարի կնշենք ոչ միայն Հայաստանի անկախության, այլև Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրման 25-ամյակը:  Համալսարանի հոբելյանական տարվա միջոցառումները մեկնարկում են այսօրվանից և կշարունակվեն մինչև սեպտեմբեր: Հոբելյանական միջոցառումներին կմասնակցեն նաև բարձրաստիճան պաշտոնյաներ,  շրջանավարհներ, ԱՄՆ- ից կժամանեն համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամները, որոնք նաեւ կծանոթանան արված աշխատանքներին և կքննարկեն համալսարանի զարգացման հետագա ռազմավարությունը:

 

Եթե  91 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանն իր գործունեությունը սկսեց 101 ուսանողով և 2 մասնագիտությամբ, ապա այսօր արդեն  բուհի 1500 ուսանողները կրթություն են ստանում 11 կրթական ծրագրերով, որից 8-ը՝ մագիստրոսական:

Մագիստրոսական ծրագրերին զուգահեռ՝ համալսարանը 3 տարի առաջ սկսեց նաև բակալավրի աստիճան շնորհել: Բուհն այս օրերին տոնում է հիմնադրման 25-ամյակը և հաստատության փոխնախագահ Աշոտ Ղազարյանը կարող է վստահությամբ փաստել, որ անցած  տարիների ընթացքում իրենք աշխատաշուկա են ճանապարհել իսկապես բարձրակարգ մասնագետների, ովքեր այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում ինչպես պետական կառավարման համակարգում, այնպես էլ բիզնես ոլորտում և միջազգային կառույցներում:

Վերադառնալով հոբելյանական միջոցառումներին՝ նշենք, որ դրանք մեկնարկում են այսօրվանից: Հանդիսության շրջանակներում համալսարանում կբացվի  «Քաջալերելով 25-ամյա կրթությունը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն ժամանակակից 25 արվեստի գործիչների աշխատանքներ: Ցուցահանդեսի վաճառքից գոյացած հասույթի 40%-ը կուղղվի ՀԱՀ-ի կարիքավոր ուսանողների կրթության աջակցությանը:

Նշենք, որ հունիսի 4-ին էլ նախատեսվում է համալսարանի այս տարվա շրջանավարտների ավարտական արարողությունը։ Այս անգամ դրան կմասնակցեն նաեւ Ամերիկյան համալսարանի հոգաբարձուները։ Ձևավորվող ավանդույթի համաձայն՝ այս տարի նույնպես ուսանողների քվեարկությամբ տարվա լավագույն դասախոսին և հետազոտողին կհանձնվեն մրցանակներ:

ՀԱՀ շրջանավարտների ավարտական հանդիսությանը  ներկա կլինեն շրջանավարտների հարազատները, բարձրաստիճան հյուրեր Հայաստանի կառավարությունից, դեսպաններ,  տեղական և  արտասահմանյան կազմակերպություններից ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր Սփյուռքից։

Back to top button