Քաղաքական

«Չլուծվող խնդիրներ չկան». ՀՀ ԱԳ նախարարը՝ հայ-վրացական հարաբերությունների մասին

lenabadeyan
Հայաստանի արտաքին հարաբերությունների առումով 2015 թվականը բացառիկ էր, քանի որ Անկախությունից հետո ամենամեծ թվով երկրների մասնակցությամբ միջոցառումներ են անցկացվել Հայաստանում: Դա պայմանավորված է եղել հատկապես Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ: Այդ շրջանակում Հայաստանն ընդունել է շուրջ 80 երկրի ներկայացուցիչների, պաշտոնյա մասնակիցների թիվը շուրջ 500 էր: Սա Հայաստանում, իսկ օրինակ՝ հարեւան Վրաստանում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը նոր միջադեպի պատճառ դարձավ, որի տհաճ հետեւանքները մինչ օրս փորձ է արվում շտկել: Ի դեպ՝ որոշ վերլուծությունների համաձայն արդեն նաեւ ներկայացվում է, թե ինչ ազդեցությունների հետեւանքով էր հարեւան պետությունում ապրիլին տեղի գրանցվել հակահայ դրսեւորումները:

 

«Եթե լավատես չլինենս, ապա դիվանագետ չես կարող լինել»,- մասնագիտության գաղտնիքներից մեկն այսպես է բացահայտում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նաեւ այսպես հիմնավորելով իր լավատեսությունը հայ-վրացական հարաբերությունների կնճռոտ հարցերը լուծելիս: Վրացական համայնքի խնդիրները, կարծես, անլուծելի են դառնում եւ այդ փաստի վրա ուշադրությունը հրավիրում է պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ շեշտելով, որ այս պահին էլ արդեն վտանգված են Վրաստանի հայկական դպրոցները:

«Արագորեն վրացականացվում են եւ այդ դպրոցներում հայեցի կրթության խնդիրը խիստ վտանգված է: Սահմանային անցակետերում հայատառ գիրք, գրականություն, մամուլ անցկացնելու հիմնախնդիրները: Այս խնդիրները, որ կան, փաստորեն, հայկական ազգային փոքրամասնության իրավունքների ոտնահարում է, եւ սա այն դեպքում, երբ Վրաստանը միջազգային հանրության առջեւ ստանձնել է որոշակի պարտավորություններ, այդ թվում ազգային փոքրամասնությունների իարվունքների հարգումը»:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վստահեցնում է՝ բոլոր տեսակի խնդիրները չեն վրիպում նախարարության ուշադրությունից եւ դրանք մշտապես բարձրացվում են ամենաբարձր մակարդակի հանդիպումների ժամանակ: «Այս պահին կարիք չկա, որ նման խնդիրներով Հայաստանը գնա միջազգային հարթակ եւ փորձի այդ կառույցներում լուծել առաջացած խնդիրները»,- ասում է Հայաստանի արտգործնախարարը:

«Չլուծվող խնդիրներ չկան: Հարեւան երկրների միջեւ բազմաթիվ հարցեր են լինում, նաեւ բարդ հարցեր են լինում, որոնք իհարկե, այդ հարեւան երկրները պետք է փորձեն լուծել փոխադարձաբար՝ փոխըմբռնմամբ եւ բանակցությունների միջոցով: Ես կարծում եմ, որ այդպիսի հարց այսօր չկա, որ մենք չենք կարող մեր հարցերը լուծել եւ պետք է գնանք միջազգային ատյաններիրն դիմենք, որ իրենք մեր հարցերով զբաղվեն: Կարծում եմ, Վրացական կողմից էլ այդ շահագրգռվածությունը կա, որ այն հարցերը, որոնք առաջանում են, լուծումներ գտնեն»:

Էդվարդ Նալբանդյանի ներկայացմամբ՝ փոխայցելությունները Հայաստանի եւ Վրաստանի պաշտոնյաների միջեւ շատ են, հետեւաբար՝ երկու կողմ էլ շահագրգռված է հակասությունները շուտափույթ լուծել: Սակայն, նշված փոխայցելությունների արդյունքը պատգամավոր Շիրակ Թորոսյանի համար տեսանելի չէ:

«Պետք է արձանագրենք, որ մենք ընկալելի առաջընթաց չենք տեսնում: Կան այդ կնճիռները եւ դա փաստ է եւ սա շատ տեսանելի է: Այս կապակցությամբ արագորեն տարածվող տեսակետ է, որ Վրաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ երբեմն դրսեւորվող ոչ հայանպաստ փաստերը կարող են պայմանավորված լինել Վրաստանում Ադրբեջանի եւ թուրքիայի մեծ ազդեցությամբ»:

Ահա սա էլ այն հարցն է, որ Էդվարդ Նալբանդյանը գերադասում է դիվանագիտորեն շրջանցել եւ  չբացահայտել պատճառահետեւանքային կապը, թեեւ վերլուծություններն իրենք էլ են անում:

«Ես չէի մտնի հիմա վերլուծական ինչ որ բաների մեջ, որ վերլուծեմ՝ ինչ ազդեցության պատճառով ինչ է լինում, ինչպես է առաջանում եւ այլն: Իհարկե, այդպիսի վերլուծություններ արտգործնախարարությունն էլ է կատարում եւ օգտվում է այն վերլուծություններից, որոնք արվում են արտգործնախարարությունից դուրս եւ չեմ կարծում, որ հիմա այն պահն է, որ գնահատականներ տանք այդ վերլուծություններին»:

Հիշեցնենք, որ Վրաստանի հայաշատ հատվածում՝ Սամցխե-Ջավախքում ընդհանուր բնակչության 54,6 տոկոսը հայեր են: Հայ-վրացական հարաբերությունների վերջին սրացումը տեղի ունեցավ ապրիլի 23-ից 24: Այնտեղից հաղորդվող լուրերի համաձայն՝ հայ եւ վրացի երիտասարդների միջեւ ծագած միջադեպից հետո Ախալցիխե քաղաքի ոստիկանության շենքում ոստիկանները ծեծել էին հայ երիտասարդներին եւ անհարգալից արտահայտություն արել Հայոց Ցեղասպանության զոհերի հասցեին: Իսկ մայիսի 3-ին Ախալցիխե այցելեց Վրաստանի ներքին գործերի նախարարը:

Նախարարի այցին հաջորդեց Սամցխե-Ջավախքի ոստիկանության դեպարտամենտի հայտարարությունը, որը հերքում է ոստիկանության կողմից իրականացրած բռնություններն ու ճնշումները: Տհաճ միջադեպի հետեւանքները մինչ օրս փորձ է արվում հարթել: Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը դռնփակ հանդիպումներ է ունեցել հայ եւ վրացի տարբեր պաշտոնյանների հետ: Բայց դեսպանը չի ցանկանում անձամբ մեկնաբանություն անել հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ` հավելելով, որ դեսպանությունը հայտարարություն կտարածի:

Back to top button