Հասարակություն

ՏՏ ոլորտում Հայաստանը նոր թռիչքի է պատրաստվում

karenghazaryan

Հունիսի 10-ին ԱՄՆ-ի Սիլիկոնային հովտում ԱրմԹեք միջոցառման շրջանակներում կանցկացվի «Հայաստան. ՏՏ ֆորում»-ը: Այնտեղ կներկայացվեն ու կքննարկվեն Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման միտումները եւ միջազգային ասպարեզում այս ոլորտում մեր երկրի դիրքավորման հեռանկարները` այսօր հայտարարել են ֆորումի նախաձեռնող հայաստանյան առաջատար կազմակերպությունների ղեկավարները: Նրանք համոզմունք են հայտնել նաեւ, որ Սիլիկոնյանի հովտում անցկացվելիք ֆորումը լավ հարթակ է միջազգային համագործակցությունը խթանելու, ներդրումներ ներգրավելու, ոլորտի մասնագետների միջեւ համագործակցության կայացմանը նպաստելու առումով:

 

Ֆորումը բացառիկ է լինելու այն առումով, որ նվիրվելու է 5 նորաստեղծ կազմակերպությունների: «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ ՏՏ ոլորտի աշխարհի քարտեզի վրա հայաստանյան մի շարք կազմակերպություններ վերջին տարիներին հաստատուն դիրքեր են գրավում: Զարգացումն ակնհայտ է ու կարեւոր է նաեւ նման միջոցառման անցկացումը հենց Սիլիկոնային հովտում:

«Երկու հիմնական հարց պիտի քննարկվի: Առաջինը՝ հայկական կազմակերպությունների առաջխաղացումն է աշխարհում, հատկապես ԱՄՆ շուկայում եւ Սիլիկոնային հովտում, եւ երկրորդը՝ կրթական խնդիրներն են, թե ինչպիսին պետք է լինի կրթությունը, որ կարողանանք մեր հիմնական մրցակցային առավելությունը՝ մարդկային ռեսուրսը, հետագայում շարունակել նման տեմպերով զարգացնել եւ բարձրացնել մեր մրցունակությունը»,- ասում է։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնակությունների միության վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը կարծում է, որ ոլորտի հայաստանյան կազմակերպությունների համար միջոցառումը կարեւոր է՝ Սիլիկոնային հովտում գործող ընկերությունների փործին ու գործունեությանը ծանոթանալու առումով: Իրենք հատկապես կարեւորում են ոլորտում կրթությանը վերաբերող խնդիրները:

Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը նկատում է, որ Սիլիկոնյան հովտում անցկացվող համաժողովները միշտ են եղել արդյունավետ: Նրա ձեւակերպմամբ՝ այս ոլորտում Հայաստանը պատրաստ է նոր թռիչքների:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը կարծում է, որ Հայաստանի նման երկրի համար Սիլիկոնային հովտում երկու տարին մեկ նման միջոցառումներ կազմակերպելն ամենեւին էլ շռայլություն չէ:

Նախորդ համաժողովի արդյունքների մասին խոսեց Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը՝ շեշտելով, որ դրանք աշխարհահռչակ մի շարք կազմակերպությունների հետ համագործակցության պայմանագրեր ու համաձայնագրեր են, օրինակ՝ «ԱյԲիԷմ»-ի, «ՍՍԻՍԿՈ»-ի, «Մայքրոսոֆթ»-ի:

Ակնկալիքները մեծ են, իսկ հստակ արդյունքների մասին կազմակերպիչները խոստացան մանրամասնել արդեն հունիսի 10-ին Սիլիկոնային հովտում անցկացվելիք համաժողովից հետո:

Back to top button