Ամեն ազգ յուրով է նշում Ամանորը
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Հույները Ձմեռ պապիկին անվանում են Այոս Վասիլիս, ասորիները՝ Սավթ Սթվա:
Գալիք օրերին հույները իրար հանդիպելիս կասեն Կալի քրոնյա, իսկ ասորիները`Վիշիթոխնա ապրիխա:
Այսօր Հայաստանում բնակվում է ավելի քան 5 հազար հույն և շուրջ 7 հազար ասորի:
«Հունական ուտեստներում տարբերվում է բրնձով և հունական համեմունքներով տոլման, ինչպես նաև՝ պիդահացը։ Այս հացի վրա խաչ են հյուսում, մեջը կոպեկ են դնում: Առաջին կտորը Աստծո բաժինն է»,- Ամանորի հունական առանձնահատկություններն է ներկայացնում հունական համայնքի «Իլիոս» հասարակական կազմակերպության նախագահ Սլավա Ռաֆայելիդիսը:
Ում բաժին հասնի մետաղադրամը, նա այդ տարի հաջողակ կլինի, ասում է նա։
Ասորիները ունեն սեփական Նոր տարին, որը նշվում է ապրիլի 1-ին: Եկող տարի նրանք կդիմավորեն 6763 թվականը: Սակայն, ըստ ասորական համայնքի «Աթուռ» կազմակերպության երիտասարդական թևի նախագահ Լեոնիդ Բադալովի, ասորիները պատրաստվում են նշել և գալիք Ամանորը:
«Ասորական սեղաններին առանձնանում է բուշալան, որը սպասի նման կերակուր է, սակայն այլ կերպ է պատրաստվում, և՝ հալվան»։
Որպես քրիստոնյաներ և հույները, և ասորիներն իրենց տները զարդարում են եղևնիներով և տոները անցկացնում են ուրախ և զվարթ: