Նշվեց ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկի` արաբերենի օրը


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության և ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի համատեղ միջոցառման ընթացքում ուսանողներն ու համալսարանի դասախոսները նշել են ՄԱԿ-ում արաբերենի օրը և խոսել արաբերենի` որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկի կարևորության, ինչպես նաև ՄԱԿ-ի արժեքների ու բազմազանության խթանման հարցում այդ լեզվի ներդրման մասն: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մամուն Հարիրին:
Ամբողջ աշխարհում արաբերենով խոսում է ավելի քան 422 մլն մարդ: Լինելով 22 պետության պաշտոնական լեզու, արաբերենը նաև ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկն է: Կարևորելով բազմալեզվությունն ու բազմամշակութայնությունը, 2011 թվականից ՄԱԿ-ը նշում է 6 պաշտոնական լեզուների օրերը և այսօր ԵՊՀ Արաբագիտության ամբիոնում ուսանողների և դասախոսների նախաձեռնությամբ նշվում էր արաբերենի օրը: Հյուրերին ուսանողները դիմավորելու համար ուսանողները բեմադրել էին թատերական ներկայացում` արաբական պարերով և երաժշտությամբ:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մամուն Հարիրին: Ելնելով օրվա խորհրդից, ժամանակավոր հավատարմատարն ընդգծեց, որ հաջորդ տարվա միջոցառմանը նա կմասնակցի արդեն առանց թարգմանչի.«Պետք է թարգմանիչ չլիներ, պետք է ես ձեզ հետ արաբերենով խոսեի, բայց ստիպված թարգմանչի հետ եմ եկել: Հաջորդ տարի նման բան չի լինի: Լեզուն մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր ազգի համար: Այն հայրենիք է յուրաքանչյուրի համար, ով կորցրել է իր հայրենիքը: Միևնույն ժամանակ լեզուն համարվում է մշակութային զինանոց ազգեր կերտելու և նրանց գոյությունը պահպանելու համար»:
Նկատելով, որ արաբերերնը աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, Մամուն Հարիրին նշեց, որ արաբների համար այն իրենց Սուրբ գրքի` Ղուրանի մեջ Աստծո հրաշքն է համարվում: Իր հերթին կարևորելով արաբերենին նվիրված այսօրվա միջոցառումը` ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նկատեց, որ նման միջոցառումների շնորհիվ ավելի բազմազան է դառնում նաև կրթական առօրյան: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներն են` արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը ռուսերենը և իսպաներենը: