Քաղաքական

Ընտրական նոր օրենսգքրի շուրջ քննարկումները մեկնարկել են

lusinevasilyan
Խորհրդարանական ուժերը սկսել են Ընտրական օրենսգրքի քննարկումները: Փետրվարի 1-ից մեկնարկող գարնանային նստաշրջանի հիմնական խնդիրը լինելու է հենց այս փաստաթղթի ընդունումը: Ընտրական օրենսգրքով են սահմանվելու այն վերջնական լուծումները, որոնք  բխում են սահմանադրական փոփոխություններից.  ինչպես են անցկացվելու  խորհրդարանական հարջորդ ընտրութունները, ինչ լուծում է տրվելու կայուն մեծամասնության ձևավորման հարցին, գործելու է արդյոք ռեյտինգային քվեարկություն ասվածը թե ոչ: Այս բոլոր հարցերին պատասխանելու է Ընտրական օրենսգիրքը: Քաղաքական ուժերը առայժմ  բանակցում են,  առաջարկություններ են ներկայացնում:

 

 

­

Քննարկումներն Ընտրական նոր օրենսգքրի շուրջ արդեն մեկնարկել են, թեպետ ամբողջական նախագիծը դեռ պատրաստ չէ:  Ավելին՝ նախագծին առնչվող մի քանի առանցքային հարցեր առայժմ պարզ չեն:  Օրինակ՝ խոսքը  փոփոխությունների՞,  թե՞ Ընտրական նոր օրենսգրքի մասին է: Կամ ո՞վ է լինելու նախագծի հեղինակը՝ կառավարությունը, թե Ազգային ժողովը: Սրանք, թերևս, խնդրի տեխնիկական կողմն են, կարևորը բովանդակային հարցերն են, որոնց շուրջ քաղաքական ուժերը փորձում են հստակեցնել իրենց դիրքորոշումները:

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը լավատեսորեն է տրամադրված  այս գործընթացի նկատմամբ և կարծում է, որ ընտրական համակարգը բարեփոխելու շանս կա:

«Թիվ մեկ խնդիրն այսօր Ընտրական օրենսգիրքն է: Բոլոր այն ուժերը , որոնք ակտիվորեն քարոզում էին Այո-ն, գիտակցում էին, որ իշխանությունը պատրաստ է նստելու և քննարկելու ընդդիմության առաջարկները:  Սա պետք է կոմպրոմիսային փաթեթ լինի, հակառակ դեպքում սահմանադրական փոփոխություններն անիմաստ կլինեն»:

Ամենավիճահարույց հարցը վերաբերում է նոր Սահմանադրության 89-րդ հոդվածին, որը պետք է երաշխավորի խորհրդարանական կայուն մեծամասնության ձևավորումը, այն  մեծամասնության, որը  վարչապետի թեկնածու առաջադրելու և կառավարություն ձևավորելու իրավունք է ստանալու:

Բանակցություններն ու քննարկումներն ընթանում են նախ և առաջ այս հարցի շուրջ: Ի դեպ,  դրանք առայժմ ընթանում են դռնփակ, և ոչ բոլոր ուժերի մասնակցությամբ:

Սահմանադրագետներ Հրայր Թովմասյանն ու Վարդան Պողոսյանը, ովքեր առանցքային մասնակցություն ունեցան Սահմանադրության փոփոխությունների նախագիծը մշակելիս, հանդիպում  են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ ու խոսում Ընտրական օրենսգրքի առանցքային կետերի շուրջ. ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հանդիպման առաջարկ դեռ չեն ստացել:

Բայց  ՀԱԿ-ը հրապարակել է ԸՕ-ին վերաբերող 7 պահանջ  որոնք, ըստ Արամ Մանուկյանի, իշխանություններին կզրկեն կեղծիքներ կատարելու հնարավորությունից:

«Ընտրել ենք, ամենակրևոր, ամենաանհևաժեշտ կետերը, առանց որոնց ինշխանությունները միտ հնարավորություն են ունենալու կեղծել»:

ՀԱԿ-ը, մասնավորապես, պահանջում է  բնակչության ռեգիստորից առանձնացնել ընտրողների ռեգիստորը, ապահովել ստորագրացուցակների հասանելիությունը, ընտրատեղամասերում տեսանկարահանում իրականացնել և այլն: Խնդիրները չլուծելը, ըստ Կոնգրեսի, կնշանակի, որ իշխանությունները հրաժարվում են ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հեռանկարից: Հայտարարությունը հրապարակելուց հետո ՀԱԿ-ն սպասում է իշխանության արձագանքին:

Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ևս 5 կետանոց առաջարկների փաթեթ է ներակայացրել: Այստեղ շեշտը հիմնականում ընտրությունների ժամանակ և քվերակության օրը մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառՄան վրա է, ըստ էության՝ քվերակության ողջ պրոցեսի էլեկտրոնայնացման: Կուսակցության անդամներից Գիրգոր Դոխոյանն ասում է, որ իրենց առաջարկների ընդունումը թույլ կտա  նոր որակի ընտրություններ անցկացնել:

«Սա նոր մոդել չէ,  կիրառվել է Ղրղզստանում և դրական է  գնահատվել ոչ միայն ԱՄՆ ու եվրոպական կառույցների կողմից, այլ հենց այդ երկրի ընդդիմության, որը շնորհավորել է հաղթող կողմին, ինչն աննախադեպ երևույթ է հետխորհրդային երկրների համար»:

Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա առաջիկա 10 օրերի ընթացքում  առաջարկությունների իր փաթեթն է խոստանում   ներկայացնել նաև ԲՀԿ-ն, իսկ ՀՅԴ-ի առաջարկները պատրաստ են, բայց դեռ չեն հրապարակվել:

Նոր Ընտրական օրենսգիրքը, համաձայն Սահմանադրության անցումային դրույթների, պետք է ընդունվի մինչև հունիսի 1-ը:

Back to top button