Սուրբ Սարգսի տոնը՝ հունվարի 23-ին
Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 23-ին կտոնի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը, որը եկեղեցու շարժական տոներից է: Այն բացի եկեղեցական ծիսական արարողակարգից նշվում է ավանդական սովորույթներին համաձայն: Մայրաքաղաքում կկազմակերպվեն տոնին նվիրված մի շարք միջոցառումներ, որոնք 11 տարի առաջ Արարատյան հայրապետակյան թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Նավասարդ Սրբազանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ է կյանքի կոչվել: Տոնի ժամանակ առանձնահատուկ կարևորվում են Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված ծրագրերը:
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում Սուրբ Սարգիսի տոնը դասվում է շարժական տոների շարքին: Եվ այս տարի այն կնշվի հունվարի 23-ին: Շնորհաշատ զորավար Սարգիսը շատերին է քրիստոնեություն քարոզել: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Սուրբ Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր կողմից կարգվել է իշխան և սպարապետ` Հայաստանի սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Եվ քանի որ Սուրբ Սարգիսը զինվորական էր, ամեն տարի միջոցառումներ են անցկացվել նաև զորամասերում: Սակայն այս տարի առաջին անգամ Արարատյան Հայրապետական թեմը կպարգևատրի վերջին շրջանում սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած մի խումբ զինվորների:
Արարատյան հայրապետական թեմի էլեկտրոնային քարոզչության պատասխանատու Էլզա Մանուկյան. «Այդ զինվորներն այս տարի հրավիրված են մասնակցելու պատարագին, օրհնություն կստանան և այնուհետև կլինի նրանց մեծարման երեկոն»:
Միջոցառման ընթացքում ընդգրկված են նաև մի շարք երիտասարդական միջոցառումներ: Հունվարի 22-ին Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի կիրականացվի խաչապտույտ: Իսկ հունվարի 23-ին տոնի առթիվ պատարագ կմատուցվի Սուրբ Սարգսի անունը կրող Արարատյան հայրապետական թեմի երեք եկեղեցիներում՝ Առաջնորդանիստ, Արգավանդի և Նոր Նորքի:
Սուրբ Սարգսի աջը կբերվի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի և պատարագի ընթացքում Սրբազան հայրը Սուրբ մասունքով կօրհնի հավատավոր ժողովրդին ու զինվորներին: Աջը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը: Անցկացվելու են նաև ուսանողական, մանկապատանեկան ստեղծագործական ցուցահանդես-մրցույթներ: