Թիվ 10/15 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել հանձնաժողովի անդամին
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 10/15 ընտրատեղամասում այլ աձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել թիվ 10/15 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին։
«Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի կայքում դեկտեմբերի 6-ին հրապարակվել էր ահազանգ, որ Երևան քաղաքի թիվ 10/15 ընտրատարածքում ընտրողը ընտրացուցակում ստորագրելիս նկատել է, որ իր եղբոր և նրա կնոջ անվան դիմաց ցուցակում ստորագրված է, սակայն հանձնաժողովը հրաժարվել է արձանագրել խախտումը։Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են թիվ 10/15 ընտրատեղամասի ընտրացուցակներում ընդգրված այն ընտրողների տվյալները, որոնց փոխարեն, ըստ ահազանգի հեղինակի, մեկ ուրիշը քվեարկել է։
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։Նախաքննության շրջանակներում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու համար։
Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նշված ընտրատարածքի 2 ընտրողների փոխարեն քվեարկել է նույն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը։Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում, թիվ 10/15 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Գ.Թումանյանը, նույն ընտրատեղամասի ընտրողներ Լ.Հարությունյանի և Ռ.Հարությունյանի անվան դիմաց գրանցամատյանում լրացրել է մտացածին տվյալներ, ստորագրել և քվեարկել վերջիններիս փոխարեն:Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Գ.Թումանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին