Հասարակություն

Կտրատված-փաթեթավորված մթերք մի գնեք, ժամկետը կեղծում են. ահազանգ

lianaeghiazaryan
Ժամկետանց մթերքը թարմացված պիտակով վաճառելու խնդիրն այսօր հրատապ խնդիր է Հայաստանում. մտահոգվում է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Չիլինգարյանը: Վիճակն ավելի վատ է մարզերում, այստեղ մարդիկ հաճախ պարտքով են առեւտուր անում, ու ժամկետանց մթերքի մասին նախընտրում են ոչ թե ահազանգել, այլ հարցն իրենց ծանոթ խանութպանների հետ պարզաբանել: «Հատկապես հիմա` հետամանորյա շրջանում, մի գնեք կտրատված-փաթեթավորված մթերք, որոնց ժամկետերը չեն երեւում»,-հորդորել է Կարեն Չիլինգարյանը:

 

 

«Զգույշ եղեք». հերթական հորդորը` սպառողներին: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Չիլինգարյանն այսօր քաղաքացիներին հորդորել է Ամանորից հետո առևտուր անելիս ավելի ուշադիր լինել մթերքի պիտանելիությանը: Ամանորին առեւտրի չարդարացված հույսերն այժմ արդարացնում են հին մթերքը նորացված ժամկետով վաճառել փորձելով: Այս տարի ամանորյա եռուզեռն այնքան չէր, որքան նախորդ տարիներին: Միայն սուպերմարկետերում էին հերթեր: Մյուս խանութներում առևտուրը չէր տարբերվում մյուս օրերից: Հետևաբար, սննդամթերքը մնացել է խանութներում։ Համատարած գուցե չէ, բայց դեպքեր կան, հայտարարում է Կարեն Չիլինգարյանը: «Խանութներում կա Ամանորից մնացած երշիկեղեն ու այլ մսամթերք, որոնք կտրատված-փաթեթավորված են վաճառում, ու չես կարող տեսնել պիտանելիության ժամկետը, դրա համար փորձեք գնել ամբողջական երշիկ։ Նման դեպք բանախոսը նկատել է  «Երևան Սիթիի» Նոր Նորքի մասնաճյուղում:

«Հիմա ակնհայտ չի երեւում, քողարկված է: Արդեն կտրտված-փաթեթավորված երշիկեղենի ժամկետերը չեն երեւում: Շատ հնարավոր է` հին լինի»:

Սննդի անվտանգության պետական ծառայությունը թերանում է իր աշխատանքում. հայտարարում է սպառողների շահերի պաշտպանը: Եթե խախտում կա մի խանութում, նման խախտումները շատ հնարավոր են հանրապետության սպառման ամենատարբեր կետերում: Հասարակական կազմակերպություններն այդքան հնարավորություն ու ռեսուրս չունեն ամեն տեղ, հատկապես մարզեր հասնելու ու ի վերջո պետական կառույցի գործն անելու: Իր հայտնաբերած խախտումների մասին Չիլինգարյանը Սննդի անվտանգության պետական ծառայությանը չի տեղեկացրել, սպասում է նրանց սեփական նախաձեռնություններին ու միաժամանակ հայտարարում` վիճակը շատ ավելի վատ է մարզերում:

«Մարզերում խախտումներն ավելի շատ են, քան մարզերում: Այնտեղ վերահսկողությունն ավելի վատ: Հատկապես գյուղերում մարդիկ շատ հաճախ պարտքով են առեւտուր անում, նրանք ուշադրություն էլ չեն դարձնում` ժամկետանց է, թե ոչ: Եթե ժամկետանց լինում էլ է, չեն ահազանգում, նախընտրում են իրար մեջ լուծել նման հարցերը»:

Չիլինգարյանը մեծ խանութներում չի նկատել դեպքեր, երբ առանձին կշռված-փաթեթավորված հրուշակեղենի քաշի մեջ խաբեն: Բայց սպառողները շատ են դժգոհում, որ սուպերմարկետերում ապրանքի գնապիտակին այլ թիվ է նշված, դրամարկղում այլ գին է հաշվարկվում: Դիտավորություն է, թե անզգուշություն, հարց է, բայց մի բան հստակ է` սպառողների շահերի պաշտպանների հորդորներն իրենց արդիականությունը չեն կորցնում:

Back to top button