Հասարակություն

Այսուհետ քաղաքացին չի դիմի արխիվ թոշակ ձեւակերպելու համար

karenghazaryan
Ազգային արխիվն այսուհետ գործում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կազմում: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ տեղեկացրել է  Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նա խոսել է Ազգային արխիվի 2016 թվականի ծրագրերի, գործունեության հիմնական ուղղություններում կատարված  փոփոխությունների, ինչպես նաեւ այլ երկրների արխիվների հետ համագործակցության մասին: Արխիվի աշխատանքների հետ կապված կարեւոր մի փոփոխություն շատերին կհետաքրքրի:

 

 

Այսուհետ այլեւս ոչ մի քաղաքացի, եթե նույնիսկ գտնվում է Հայաստանից դուրս, չի կարող իր թոշակը ձևակերպել՝ առանց արխիվին դիմելու և համապատասխան փաստաթղթեր ստանալու: Քաղաքացին, սակայն, ստիպված չի լինի անձամբ զբաղվել այդ գործով՝ հերթեր կանգնելով արխիվում: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին տեղեկացմամբ՝ Հայաստանի սոցիալական ծառայության հետ մի ծրագիր են իրականացնելու, որի արդյունքում քաղաքացին այլևս արխիվ չի դիմի, այլ՝ կդիմի այն վայրը որտեղից ստանալու է թոշակը, իսկ տվյալ սոցիալական ծառայությունը էլեկտրոնային համակարգով կդիմի արխիվին:

«Օրենքն արդեն ընդունվել է և երեք ամսվա ընթացքում այս համակարգը ներդրելու են Հայաստանում: Աշխատանքի ստաժի, աշխատավարձի չափի մասին տեղեկանք ստանալու համար քաղաքացին, փաստորեն, այլեւս չի գա Արխիվ, հերթի չի կանգնի: Նրա փոխարեն այդ բանը կանեն սոցիալական ծառայությունները՝ կենսաթոշակ նշանակող մարմինը: Սա կարեւոր է մեզ համար, սա քաղաքակիրթ ձեւ է, որը օր-օրի զարգացնում ենք»:

Ամատունի Վիրաբյանի փոխանցմամբ՝ 2015 թվականին 32 հազար քաղաքացի է  դիմել իրենց: Դիմածների կեսը ՀՀ քաղաքացիներ են, իսկ մյուս մասը՝  հայրենակիցներ, որոնք տեղափոխվել են արտերկիր:

Ազգային արխիվի տնօրենի խոսքով՝ հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաները, իրենք ձեռնամուխ են եղել նաեւ արխիվային փաստաթղթերի թվայնացմանը: Այսինքն՝ դրանք թղթից կտեղափոխվեն էլեկտրոնային տարբերակի, այդ թվում նաև վավերագրական կինոնկարները, լուսանկարները: Թվայնացված փաստաթղթերը, սակայն, նույնպես արխիվում կպահպանվեն:

«Այս տարի կինոնկարների թվայնացումը կավարտենք»:

Ազգային արխիվում այս տարի իրականացվելիք աշխատանքներից մեկն էլ այն է, որ կհրապարակվեն արխիվային փաստաթղթեր՝ կապված Հայոց ցեղասպանության, Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, և կհրապարակվի օսմաներեն փաստաթղթի բնագիրը՝ պատճենի տեսքով, եւ դրա թարգմանությունը: Փաստաթղթերի մի զգալի մասը վերաբերում է հայ եկեղեցու ունեցած կալվածքներին:

Անդրադառնալով այլ երկրների արխիվների հետ համագործակցությանը՝ Ամատունի Վիրաբյանը շեշտեց, որ արդյունքում Հայաստանի ազգային արխվ են բերվում բոլոր այն նյութերի պատճեները, որոնք առնչվում են հայությանը:

Կարդացեք նաև
Close
Back to top button