Միջազգային

Էրդողան. Ստամբուլի ահաբեկչությունն իրականացրել է սիրիացի մահապարտը

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի Սուլթան Ահմեդ հրապարակում այսօր առավոտյան տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացրել է Սիրիայի մահապարտը։ «Ես խստորեն դատապարտում եմ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը, որն ամենայն հավանականությամբ իրականացրել է սիրիացի ահաբեկիչը»,- Անկարայում դեսպանների հետ ճաշի ժամանակ Էրդողանի ելույթից մեջբերում է արել Reuters- ը ։

Նա նշել է, որ 10 զոհվածների և 15 վիրավորների թվում կան ինչպես թուրքեր, այնպես էլ այլ երկրների քաղաքացիներ: Էրդողանն ասել է, որ Թուրքիան տարածաշրջանում թիվ մեկ թիրախն է ահաբեկչական խմբավորումների համար, որոնց դեմ Անկարան պայքարում է հավասարապես:

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթումլուշը հայտնել է, որ Սուլթան Ահմեդ հրապարակում ահաբեկչությունն իրականացրած մահապարտը 1988 թվականին ծնված սիրիացի է, նրա ինքնությունը հաջողվել է պարզել մարմնի մասերի փորձաքննությունից հետո:

Associated Press-ի փոխանցմամբ՝ Քուրթումլուշը նաև ասել է, որ վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Իր հերթին Reuters գործակալությունը, հղում անելով թուրքական անվտանգության ծառայություններում իր աղբյուրներին, գրում է, որ Ստամբուլի այսօրվա ահաբեկչությանը մեղսակից է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Back to top button