Հասարակություն

Տոնական օրերին արտակարգ իրավիճակի կառավարման կենտրոնում 10 հազ. ահազանգ է ստացվել

Դեկտեմբերի 31-ից հունվարի 11-ը  ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է մոտ 10 հազար ահազանգ:  Հատկապես ծանրաբեռնված են եղել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ճգնաժամային կառավարման կենտորնները, որտեղ զանգերի թիվը, ըստ  ՏԿԱԻՆ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի, հասել է առավելագույնի՝ պատճառը Գորիս-Սիսիան,  Գորիս-Կապան- Մեղրի, Սևան-Մարտունի–Վարդենիս ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված բարդ իրավիճակն է:

«Իրականացվել են բոլոր հնարավոր միջոցառումները, որոնք դրված էին փրկարարների վրա: Մենք մեծաթիվ մարդկանց ենք դուրս բերել անվտանգ տարածք։ Բարեբախտաբար, ոչ մեկ չի զոհվել ճանապարհներին»,- ասում է կենտրոնի պետը։

Մի քանի օր անընդմեջ տեղացած ձյան հետևաքնով  Գեղարքունիքի մարզում և ոչ միայն, փրկարարներն օգնության են հասել նաև ծննդկաններին, երբ ստիպված են եղել պատգարակներով նրանց  հասցնել հիվանդանոց: Այս օրերին ՀՀ-ում գրանցվել է 676 պատահար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ դեպքերի թիվն աճել է 250-ով: Արտակարգ պատահարների հետևանքով  գրանցվել է  3 զոհ,  56 տուժած: «Հրդեհներից ունեցել ենք մեկ զոհ, մեկ զոհ ճանապարհատրանսպորտային պատահարներից և մեկ քաղաքացի ձնաբքի հետևանքով»։

Ձյան տեղումներով պայմանավորված գրանցվել է  234 արգելափակման դեպք, իսկ անվտանգ տարածք է դուրս բերվել  1234  տրանսպորտային միջոց և մոտ 3500 քաղաքացի: Գերատեսչության ներկայացուցչի ներկայացրած թվերի համաձայն՝ այս օրերին նվազել է  ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Տոնական օրերին  գրանցվել է 25 դեպք՝ մեկ  մահվան ելքով և  23 տուժածով: Նախորդ տարի ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը եղել է 34՝  4 մահվան ելքով և  36 տուժածով:

Սակայն տոնական օրերին ճգնաժամային կառավարման կենտրոնում  շատ են եղել կենցաղային կանչերը՝ 263 դեպք՝ պայմանավորված բնակարաններում ջրագծերի վնասմամբ:

Ըստ Հովհաննես Խանգելդյանի՝ այսօրվա դրությամբ ՀՀ-ում կան դժվարնացնելի և փակ ճանապարհներ:  Մասնավորապես, փակ է Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները: «Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում, Եղեգնաձոր-Ելփին, Վայք-«Զանգեր», «Զանգեր»-Սիսիան, Գորիս-Սիսիան (10-15 կմ) ավտոճանապարհներին և Ջաջուռի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Իրականացվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Back to top button