Միջազգային

Հարձակում Հուրգադայում. իշխանությունները հայտնում են մեկ ահաբեկչության, մեկ կողոպուտի մասին

Եգիպտական Հուրգադա հանգստավայրում անհայտ անձինք հարձակվել են հյուրանոցի վրա, կան վիրավորներ։ Ըստ «Ռոյթերի»՝ հարձակվողները կրակ են բացել հյուրանոցի շքամուտքի մոտ, որի հետեւանքով վիրավորվել է երկու զբոսաշրջիկ Գերմանիայից եւ Դանիայից։

ՏԱՍՍ- ը Եգիպտոսի առողջապահության նախարարությանը վկայակոչելով հայտնում է երեք տուժածի՝ 27- ամյա շվեդի եւ Ավստրիայից մեծահասակ ամուսնական զույգի մասին։ Վիրավորների վիճակը կայուն է, վնասվածքները ծանր չեն։

Երկրի ՆԳՆ- ն հայտնում է, որ հարձակվողները երեքն են եղել, որոնցից երկուսը ոչնչացվել են, երրորդը վիրավորված ձերբակալվել է։ «Ուժային կառույցները կանխել են մահապարտ ահաբեկիչների հարձակումը՝ փորձելով միջոցներ ձեռնարկել մինչեւ նրանք գործի կդնեին մարմիններին ամրացված պայթուցիկները»,- հայտնել են տեղական իրավապահները։

Մինչդեռ ըստ BFM- ի՝ Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Խիշամ Զաազուն հայտարարել է, որ հարձակումը ոչ թե եղել է ահաբեկչական գրոհ, այլ կողոպուտի փորձ։ Նախարարը նշել է, որ նման դեպքերը իշխանությունների՝ երկիր զբոսաշրջիկներ ներգրավելու ջանքերը հավասարեցնում են զրոյի։

Back to top button