ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցությունից անմիջապես հետո Արմեն Մուրադյանը արագ արձագանքման խմբի անդամների հետ այսօր համայցեր է կատարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Նաիրի» բժշկական կենտրոններ, «Մուրացան» հիվանդանոցային համալիր և «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նախարարի համայցին հետեւել է նաեւ «Ռադիոլուրը»։
«Այս պահին կա ութ հիվանդներ, որոնք միացված են արհեստական շնչառության սարքին»,- նշեց Արմեն Մուրադյանը՝ հասաստիացնելով, որ բժիշկներն անում են հնարավորը հիվանդների առողջական վիճակը կայունացնելու համար:
Նա տեղեկացրեց, որ արագ արձագանքման խմբի աշխատանքների և վերլուծության արդյունքների մասին ամեն օր պարբերաբար զեկուցվում է ՀՀ վարչապետին:
Արմեն Մուրադյանը նշեց, որ բոլոր հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով: ՀՀ առողջապահության նախարարը ևս մեկ անգամ կոչ արեց բնակչությանը վաղ փուլում դիմել բժշկի, չսպասել, որ հիվանդությունը բարդանա և չզբաղվել ինքնաբուժմամբ:
Նախարարի խոսքով` նախընտրելի է ունենալ հիվանդների մեծ ծավալ, բայց դիմելիությունը գրանցվի հիվանդության առավել վաղ փուլերում: