Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի ԱԳ նախարարները կայցելեն Հայաստան
Վաղը Հայաստան կայցելեն՝ Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկին, Կարլ Բիլդտը եւ Նիկոլայ Մլադենովը: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի ընթացքում Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախարարները կհանդիպեն նաեւ ՀՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:Տեղի կունենան Հայաստանի եւ Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտգործնախարարների բանակցությունները եւ համատեղ մամուլի ասուլիսը: Այցի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ վիճակը, Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության խթանման հեռանկարները եւ կուրվագծվեն առաջիկա անելիքները` 2013թ. Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ: