Հասարակություն

Հայտնի է «Մուսալեռում» տեղի ունեցած սպանության կասկածյալի անունը

Հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր որոշում է կայացվել՝ 31-ամյա Ա.Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016թ. հունվարի 6-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի տարածքում գործող «Մուսալեռ» հյուրանոցա-ռեստորանային համալիրում մի քանի երիտասարդ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, հայհոյել համալիրի աշխատակիցներին, բռնություն գործադրել համալիրի աշխատակիցներ Վանուշ Խաչատրյանի և Սմբատ Խլղաթյանի, ինչպես նաև՝ վերջինիս կանչով համալիր եկած Արմավիր մարզի Տարոնիկ գյուղի բնակիչներ Արամ Կարապետյանի ու Արմեն  Խլղաթյանի նկատմամբ:

Նախնական քննության տվյալներով` վիճաբանության ընթացքում դրա մասնակիցներից մեկը` 31-ամյա Ա.Բաբայանը,  իրեն կարգի հրավիրելու` Սմբատ Խլղաթյանի դիտողությունից վրդովված, սեփական անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքից դրդված, իր մոտ գտնվող հրազենով կրակել է Ա.Կարապետյանի և Ա.Խլղաթյանի ուղղությամբ: Փախուստի դիմելիս ատրճանակն ուղղել է նաև Ս.Խլղաթյանի ուղղությամբ և փորձել  կրակել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, մասնավորապես` ատրճանակը խափանվելու հետևանքով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Ստացված հրազենային վնասվածքից Արամ Կարապետյանը մահացել է, իսկ Արմեն Խլղաթյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևան քաղաքի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչն այսօր որոշում է կայացրել՝ Ա.Բաբայանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդեվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ Ա.Բաբայանին և միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button