Հայաստանում է հանրահայտ կինոռեժիսոր, դերասան եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցան: Այսօր լրագրողների հետ հանդիպելուց հետո Կուստուրիցան մեկնել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Կուստուրիցայի եւ «The No Smoking Orchesta» ֆոլք ռոք խմբի համերգը, ի դեպ, կազմակերպել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Էմիր Կուսատուրիցա. որպես երգիչ հայ հանդիսատեսը նրան բացահայտեց 5 տարի առաջ: Այս տարի նրա երկրպագուները հնարավորություն կունենան լսել նրա կատարաումներն այսօր երեկոյան՝ ՄՀՀ-ում կայանալիք համերգին: Տաղանդավոր ռեժիսոր, դերասան եւ երաժիշտ: Որ կերպարն է ավելի հոգեհարազատ արվեստագետին, եւ արդյո՞ք այդ մասնագիտություններն իրար հետ, ինչպես ասում են, կռիվ չեն տալիս, մեր հարցին իրեն յուրահատուկ հումորով այսպես պատասխանեց.
«Սիրում եմ գրող Կուստուրիցային»:
Սերբ կինոռեժիսորը խոսեց սերբ եւ հայ ժողովուրդների նմանությունների ու տարբերությունների մասին, իր տեսակետներն արտահայտեց աշխարհաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ, խոսեց հավատի ու կյանքի իր պատկերացումների մասին:
Սերբ կինոռեժիսորը նշեց, որ երջանիկ է վերադառնալ մի երկիր, որը շատ նման է իր հայրենիքին, սակայն, իր կարծիքով, տարբերությունն այն է, որ ցեղասպանություն ապրած հայ ազգը միասնական է եւ ունի հստակ պահանջներ, մինչդեռ սերբական պատմության մեջ այլ կերպ է դասավորվել եւ սերբերին զոհի կարգավիճակից ներկայացնում են հանցագործ:
«Ուստի ամեն անգամ բավականություն եմ ստանում, որ այստեղ ամեն ինչ աներկբա է»:
Երբ հինգ տարի առաջ Կուստուրիցային հրավիրել են մասնակցելու Անթալիայի «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնին, Թուրքիայի քաղաքական գործիչներն ու արվեստագետները կոշտ քննադատություններ են հնչեցրել՝ մեղադրելով նրան բոսնիական պատերազմի ժամանակ մահմեդականների զանգվածային կոտորածն արդարացնելու մեջ:
Կուստուրիցան, իր հերթին, որոշել է լքել փառատոնը և հայտարարել՝ «Եթե ցեղասպանությունների նկատմամբ այդպես զգացմունքային եք, ինչո՞ւ չեք խոսում Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին»:
Իսկ բոլորովին վերջերս մի շվեդ ռեժիսորի, ով շատ նման է եղել Կուստուրիցային, այնտեղ ծեծել են։ Ուստի երաժիշտը կոչ է անում Թուրքիայում ֆիլմ նկարել պատրաստվող ռեժիսորներին նման չլինել Կուստուրիցային:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արդյոք Կուստուրիցան դարձի եկավ՝ ընդունելով Քրիստոնեություն, Կուստուրիցան այսպես բացատրեց. Ոչ թե դարձի եկա, այլ կնքվեցի, չնայած որ ընտանիքիս կեսը լինելով մահմեդական, իսլամ չեն դավանել:
«Իմ զգայական ու մտավոր աշխարհը կապված է Աստծո հետ: Աստված ծագում է մշակույթից: Ես կարծում եմ, որ այն ամենը, ինչ մենք ունենք՝ կինո, թատրոն, երաժշտություն ու առհասարակ մշակույթը, խարսխված է քրիստոնեության վրա»:
Կուստուրիցան իր մտավախությունը հայտնեց Եվրոպային սպառնացող վտանգի մասին: Ներգաղթյալների հոսքով՝ Եվրոպան շատ շուտ կկորցնի իր դիմագիծը, նշեց երաժշտը՝ հավելելով՝
«Ոչինիչ չունեմ ներգաղթյալների հանդեպ , բայց ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ չեն գնում Սաուդյան Արաբիա, եւ կտրելով այդ ահռելի ճանապարհը հայտնվում են Եվրոպայում: Պարզ է որովհետեւ տարեկան 1 միլիոն ներգաղթյալ ուղարկելով, եվրոպան իր դեմքը կկորցնի»:
Եթե հավատաք հրաշքներին, ի՜նչ կխնդրեք Ձմեռ պապիկից, մեր հարցին Կուստուրիցան այսպես պատասխանեց. «Կոկա կոլա հաստատ չեմ ուզի, որովհետեւ կոկա կոլա ընկերությունը Ջմեռ պապիկին «իրենով» է արել: Կխնդրեմ որպեսզի մի գերբնական ուժով աշխարհը հետ պահի մեծ պատերազմներից: Եվ որ Մարադոնան իր համար նոր գործ գտնի»:
Աշխարհը արագընթաց կերպով դեպի վատն է գնում, մնում է երազել լավ կյանքի մասին, եզրափակեց Էմիր Կուստուրիցան:
Սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան, ով պարգևների է արժանացել Եվրոպայի խոշորագույն փառատոններում, այդ թվում նաև՝ երկու «Ոսկե արմավենի» մրցանակների Կաննի կինոփառատոններում, Պատվավոր լեգեոնի շքանշանի ասպետ է, Սերբիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է։ Բացի կինոյում աշխատանքներից, Կուստուրիցան հայտնի է որպես The No Smoking Orchestra ֆոլկ-ռոք խմբի մասնակից։ 2007 թվականի սեպտեմբերի 8-ին Կուստուրիցան՝ մի շարք այլ սերբ գործիչների հետ ճանաչվել է UNICEF-ի բարի կամքի դեսպան Սերբիայում։ Այժմ Կուստուրիցան բնակվում է Դրվենգրադում՝ մի գյուղում, որը կառուցվել է հենց Կուստուրիցայի կողմից՝ «Կյանքը հրաշալի է» ֆիլմի համար։