Հասարակություն

Խոսքի ազատության կոմիտեն կդիմի ՄԻԵԴ, եթե Վճռաբեկի պատասխանը իրեն չբավարարի

lusinevasilyan

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այսօր  կրկին ուշադրություն է հրավիրել լրագրողների իրավունքների պաշտպանության խնդրի վրա և հիշեցրել  էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ արձանագրված  խախտումների մասին: Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում իրավապահների կողմից ֆիզիկական բռնության է ենթարկվել 14 լրագրող և օպերատոր, խոչընդոտվել է ԶԼՄ-երի ավելի քան 20 ներկայացուցչի մասնագիտական գործունեությունը: Անցնել է ուղիղ 6 ամիս, բայց որևէ մեկն առայսօր  պատասխանատվության չի ենթարկվել, այսօր ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:  Թեև հարուցվել է քրեական գործ և դրանով տուժող է ճանաչվել 31 անձ, առայսօր, սակայն,  ոչ մի մեղադրյալ կամ նույնիսկ կասկածյալ չկա:

 

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության ստորաբաժանումները ֆիզիկական բռնության ենթարկեցին 14 լրագրողի և օպերատորի, խոչընդոտեցին տարբեր ԶԼՄ-ների ավելի քան 20 ներկայացուցչի աշխատանքը:

Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 3-ին բոլոր դեպքերով քրեական գործ հարուցեց, նախաքննության ընթացքում գործով տուժող ճանաչվեց 31 անձ: Անցել է մոտ կես տարի, սակայն առայսօր ոչ մի մեղադրյալ կամ  նույնիսկ կասկածյալ չկա, հիշեցնում կամ ահազանգում է Խոսքի ազատության պաշտպանության  կոմիտեն:

«Ոստիկանների գործողությունները նպատակաուղղված բնույթ էին կրում, ինչի ապացույցներն են լրագրողների նկարահանող սարքերը միտումնավոր ջարդելու, դրանց հիշողության քարտերը ապօրինի առգրավելու, ԶԼՄ-ների աշխատակիցներին տարբեր բաժիններ բերման ենթարկելու, տեսագրությունները ու լուսանկարները ոչնչացնելու բազմաթիվ փաստերը։ Այդ դեպքերից կես տարի անց որեւէ մեկը օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության չի ենթարկվել»,- ասում է կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Լրագրողական  մոտ մեկ տասնյակ  կազմակերպություններ այս առիթով հայտարարում   և վերահաստատում են իրենց վրոդովմունքը իրավապահ մարմինների գործողություրնների վերաբերյալ: Աշոտ Մելիքյանի պնդմամբ ՝ հայտարարության տակ ստորագրած կազմակերպություններն իրավապահներից պահանջում են անաչառ և պատասխանատու մոտեցում ցուցաբերել լրագրողների իրավունքների խախտումներին  վերաբերող գործերը քննելիս:

«Մենք վերահաստատում ենք մեր պահանջը Հատուկ քննչական ծառայությանը՝ անաչառ եւ պատասխանատու մոտեցում ցուցաբերել գործը քննելիս և  հավաստիացնում ենք մեր գործընկերներին, որ շարունակելու ենք ուշադիր հետեւել իշխանությունների գործողություններին եւ օգտագործելու ենք թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային ատյաններում բոլոր հնարավորությունները լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքները պաշտպանելու համար»։

Ավելին՝. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն որոշել է ստրատեգիական դատավարություն սկսել և խնդիրը տեղափոխել միջազզային ատյաններ: Չի բացառվում, որ Հյաստանում լրագրողների խախտման , բայց իրավական որևէ հետևանքի բացակայության հարց հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի փոխնացմամբ ՝ իրավիճակը ինքնին խոսուն է ՝ 2008-ից մինչ այսօր լրագրողների իրավունքների խախտման և մասնագիատական գործունեությունը խոչընդոտելու մոտ 100  դեպք է արձանագրվել, քրեական գործեր են հարուցվել, դրանք, սակայն, նախաքննության փուլից դատարան չեն տեղափոխվել:

Այսինքն՝ համարյա 10 տարիների ընթացքում ունենք լրագրողների իրավուքների խախտման մոտ 100 արձանագրված դեպք, բայց ոչ մի դատական վճիռ կամ պատասխանատվության ենթարկված անձ:  Սա, Արա Ղազարյանի խոսքով, փաստում է , որ խնդիրը Հայաստանում համակարգային բնույթ ունի:  «Ամենատարբեր համակարգային խնդիրների պատճառով է, որ լրագրողների նկատմամբ ոտնձգությունները համարժեք արձագանք չեն ստանում: Դրանցից մեկը մենք երեկ ներկայացրեցինք Վճռաբեկ դատարան: Մենք Վճռաբեկ դատարանից մեկնաբանություն ենք ակնակում: Այստեղ կա օրենքի միատեսակ կիրառության խնդիր»:

164-րդը քրեական օրենսգրքի այն հոդվածն է, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի համար: Սա, Արա Ղազարյանի խոսքով, օրենսգրքի ամենահազվադեպ կիրառվող հոդվածներից է: Համենայն դեպս, ըստ վիճակագրության, նախորդ 8 տարիների ընթացքում այս հոդվածով հարուցված քրեական գործերից  դատարան է մտել միայն մեկը: Կոմիտեն առայժմ կսպասի Վճռաբեկ դատարանի պատասխանին, չբավարարող պատասխանի դեպքում կշարունակի ՝ գործը ՄԻԵԴ տեղափոխելով:

Back to top button