Մշակույթ

Արվեստագետ Գեորգի Գյոդակյանին կհուղարկավորեն Երեւանի կենտոնական գերեզմանատանը

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ և երաժշտական քննադատ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Գյոդակյանի հոգեհանգիստը տեղի կունենա  դեկտեմբերի 22-ին, ժամը 18:00-ին, Էրեբունի թանգարանին կից` Նուբարաշենի 14-րդ փողոցում գտնվող սգո սրահում:

Վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 23-ին, նույն վայրում, ժամը 14:00-ին: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/:

 

Արվեստագետ Գորգի Գյոդակյանը վախճանվել է դեկտեմբերի 20-ին, 87 տարեկանում։

Նա ծնվել է 1928 թվականին, Գյումրիում, 1952 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1955 թվականին` Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան:

1957 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, 1965 թվականից` բաժնի վարիչ, 1979-2005 թվականներին՝ փոխտնօրեն: 1973-1991 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության քարտուղարը:  1977 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 2003 թվականից պրոֆեսոր է:

Գ. Գյոդակյանը հեղինակ է հայ երաժշտության պատմությանը և տեսությանը նվիրված բազմաթիվ աշխատությունների: Երկար տարիներ զբաղվել է Կոմիտասի ժառանգության ուսումնասիրությամբ և հանրահռչակմամբ:

Լինելով համաշխարհային երաժշտական արվեստի լավագույն մասնագետներից մեկը՝ տարիներ շարունակ, որպես մանկավարժ եվրոպական երաժշտական արվեստի տեսական հմտություններ է փոխանցել բազմաթիվ երաժշտագետների:

Հայ ժամանակակից երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ ավանդի համար նա արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման, Մովսես Խորենացի մեդալի:

Back to top button