Հայդարաբադի հայկական գերեզմանոցը կվերականգնվի, խոստանում է ՀՀ դեսպանը
Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը հավաստիացրել է Հնդկաստանի հնագիտության վարչությանը, որ կստանձնի այս երկրում 20 գերեզմանային տապանաքարերի վրա եղած գրությունների թարգմանությունները,- հաղորդում է The Hindu-ն: Արմեն Մարտիրոսյանը այցելել է Հայդարաբադի հայկական գերեզմանոց: «Դա մի այց էր, որը նրան մոտեցրեց անհայտ հայրենակիցներին, որոնք հանգչել են այստեղ մի քանի դար առաջ: Նրանք ոչ նրա նախնիներն են եղել, ոչ էլ նա երբեւէ իմացել է նրանց գոյության մասին, սակայն երբ նա քայլում էր փոքր գերեզմանոցում, նրա զգացմունքները բավականին տեսանելի էին»,- գրում է թերթը։
Դեսպան Մարտիրոսյանը գերեզմանատուն է այցելել Հնդկաստանի հայերի հոգեւոր առաջնորդ Զավեն Յազիճյանի հետ: Նրանք միասին քննարկել են, թե ինչ կարելի է անել՝ գերեզմանոցը վերականգնելու համար, հայտնում է The Hindu-ն։
«Այստեղ գալուց հետո ես շատ ազդված եմ: Ես հայրենիքիս կարոտն եմ առնում: Մենք պետք է վերականգնենք գերեզմանոցը հաջորդ սերունդների համար, որովհետև դա կլինի անցյալից մի շող»,- ասել է ՀՀ դեսպանը։
Հնագիտության բաժնի աշխատակիցները ոգեւորվել են, երբ Արմեն Մարտիրոսյանը նրանց հավաստիացրել է, որ կստանձնի 20 գերեզմանաքարերի թարգմանությունը: «Ընդհանրապես, զբոսաշրջիկները գալիս են Հնդկաստան՝ այցելելու Ագրա, Կալկաթա և Չեննայի (Մադրասի. խմբ.), քանի որ նրանք գիտեն, որ այստեղ կան մի քանի եկեղեցիներ եւ գերեզմանատներ: Մենք պետք է բարձրաձայնենք Հայդերաբադի գերեզմանոցի մասին, որպեսզի մեր հայրենակիցներն այստեղ էլ այցելեն»,- ասել է Մարտիրոսյանը:
The Hindu-ն հիշեցնում է, որ հայերը Հնդկաստանում հաստատվել են 16 -17-րդ դարերում։ Որպես առեւտրականներ նրանք ճանապարհորդել են Պարսկաստանում, Աֆղանստանում եւ Տիբեթում:
«Մեծ թվով հայեր բնակություն են հաստատել Հայդերաբադում 17-րդ դարում: Թեեւ ոչ մի գրավոր արձանագրություն չկա նրանց գործունեության, ավանդույթների եւ սոցիալական պայմանների մասին, սակայն հայերեն տապանագրերը վկայում են նրանց ներկայության մասին»,- ասել է Հնդկաստանի Հնագիտության և թանգարանների վարչության տնօրենը՝ հույս հայտնելով, որ «շուտով հնագետներն այստեղ պեղումներ կկատարեն»։