Վերլուծական

Նախագահի ելույթը նոր խոսք ու կարեւոր բաց շեշտադրում է. քաղաքագետ

karenghazaryan
Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ամփոփելով քաղաքական տարին՝ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն առանձնացրել է երեք իրադարձություն, որոնց թվում կարեւորել է հատկապես դեկտեմբերին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Նրա ձեւակերպմամբ՝ այն ներքին կյանքի լրջագույն իրադարձություններից մեկն է եւ դրա լույսի ներքո էլ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաեւ երկրի ներքին կյանքում տեղի ունեցած որոշ անցուդարձերի: Քաղաքագետն անդրադարձել է նաեւ արտաքին իրադարձություններին՝ խոսելով նաեւ երեկ ՀՀ նախագահի՝ ՀԱՊԿ-ում ունեցած ելույթի մասին: Այդ ելույթը նոր խոսք ու կարեւոր բաց շեշտադրում է համարել քաղաքագետ, միջազգայնագետ Հայկ Մարտիրոսյանը:

 

Նախ ներքին քաղաքական տարվա, մասին: Հանրաքվեն ձեւավորեց նոր հիմքեր քաղաքական գործընթացների եւ փոխհարաբերությունների համար՝ նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարավը: Ըստ նրա՝ այն կարեւոր էր ներքին քաղաքական զարգացումների համար, եւ այդ լույսի ներքո պետք է դիտարկել նաեւ փետրվարին տեղի ունեցած ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները:Political scientist Alexander Markarov is guest in Azdak press club

«Որի արդյունքում վերաձեւավորվեց, ըստ էության, քաղաքական դաշտը եւ տեղի ունեցավ ուժերի վերադասավորում, ինչ-որ իմաստով, ինչպես ընդդիմադիր դաշտում, այդպես էլ ՀՀԿ-ի համար՝ իշխանական դաշտում: Բարգավաճ Հայաստանի եւ Հանրապետական կուսակցության դերակատարության խնդիրն է կամ հարցն է մոտեցող նոր ընտրական փուլի համար: Մեկին պետք է վերաիմաստավորել իրեն, մյուսին էլ՝ իր տեղը պահպանել քաղաքական դաշտում»:

Անդրադառնալով Հայաստանում ծավալված քաղաքացիական շարժումներին՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ դրանք պետք է տարանջատել՝ պատասխանելով մեկ հարցի. ամռան ընթացքում թափ առած «Էլեկտրիկ Երևան» շարժումը կարողացա՞վ իր ասելիքն ասել, թե՞ հարցին կիսալուծում տալով կանգ առավ:

Ալեքսանդր Մարկարովի գնահատմամբ՝ անցնող տարվա հիմնական իրադարձություններից մեկն էլ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն էր: Ըստ քաղաքագետի՝ այն ինչպես ներքին կյանքի, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում անհետևանք մնալ չէր կարող եւ ունեցավ արձագանքներ.

«Սկսած ԵԽ-ից, մինչեւ Հռոմի պապի մատուցած պատարագը, Հայաստանի առաջարկով ՄԱԿ-ի ընդունած բանաձեւը՝ ցեղասպանությունների դատապարտման մասին ու ապրիլի 24-ին նախագահների այցը Հայաստան: Այս ամենն աննկատ չի կարող անցնել, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության գերակայությունների համար»:

Տարվա ընթացքում տեղի ունեցած, Մարկարավի ձեւակերպմամբ, ներքին կյանքի տխուր իրադարձությունները Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդն էր և Ժիրայր Սեֆիլյանի շուրջ պտտվող իրադարձությունները՝ մասնավորապես Լաչինում տեղի ունեցած ծեծուջարդը:

Զուտ արտաքին քաղաքական ոլորտից՝ Մարկարավը կարեւորեց Հայաստանի ինտեգրացիոն գործընթացները, այդ թվում՝ ԵՄ-ի հետ բանակցությունների վերսկսումը: Քաղաքագետն անդրադարձավ նաեւ երեկ տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթաժողովին եւ այնտեղ մեր երկրի ղեկավարի ելույթին: Ըստ Մարկարովի՝ Հայաստանը հերթական անգամ եւ ավելի հստակ ցույց տվեց մոտեցումը, որ կառույցը մեզ համար լիարժեք անվտանգային համակարգ է դիտվում:

 

New-York based Armenian political scientist, historian Hayk Martirosyan is guest in Hayeli press club
New-York based Armenian political scientist, historian Hayk Martirosyan is guest in Hayeli press club

Մինչդեռ, քաղաքագետ, միջազգայնագետ Հայկ Մարտիրոսյանի համոզմամբ՝ ՀՀ նախագահի՝ ՀԱՊԿ-ում ունեցած ելույթը բավականին նոր խոսք էր, կարեւոր բաց շեշտադրում՝ ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրներին ուղղված.

«Նախկինում եղել են ակնարկներ, բայց այս պարագայում այդ խոսքը բավական հասցեական և հստակ էր, դա արդեն առաջընթաց է մեր կողմից: Երկար ժամանակ մենք բավական մեղմ, չափազանց հավասարակշիռ քաղաքականություն ենք վարել: Ականատես ենք լինում, որ ի դեմս նախագահի, երկիրը փորձում է ցույց տալ, որ մենք էլ գործոն ենք, և չի կարելի դաշնակից լինելով լռել, լռությամբ կատարել գործողություն, ինչը հակասում է դաշնակցային հարաբերությունների ոգուն և բնույթին»:

Խոսելով սահմանային լարվածության մասին, նա նշեց, թե բանակցությունները որևէ արդյունք  չեն տալիս, և բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե բանակցությունների միջոցով հնարավոր է հակամարտությանը լուծում տալ, խորը մոլորության մեջ են, քանի որ գործ ունենք  հակառակորդի հետ, որն ունի հստակ ձեւավորված թշնամական գլոբալ գաղափարախոսություն: Մենք պետք է գործենք դրանից ելնելով՝ եզրափակեց քաղաքագետ, միջազգայնագետ Հայկ Մարտիրոսյանը:

Back to top button