Քաղաքական խորհրդատվություններ՝ ՀՀ-ի և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև
ՌԴ արտաքին գործերի նախարարությունում դեկտեմբերի 21-ին կայացել են ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ռուսական կողմից խորհրդատվություններն անցկացրել են Չտարածման և սպառազինությունների վերահսկման հարցերի դե պարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը և նրա տեղակալ Վլադիմիր Երմակովը, իսկ հայկական կողմից` ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը: Խորհրդատվություններին մասնակցել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Ավետիսյանը:
Կողմերը քննարկել են միջուկային զենքից ազատ գոտիներին, Միջուկային զենքի չտարածման պայմանագրի վերանայման խորհրդաժողովին, Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմին, արտահանման վերահսկման ոլորտին առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակություն է հայտնվել միջազգային կառույցների շրջանակներում արդյունավետ համագործակցության, փաստաթղթերի համահեղինակման առնչությամբ։
Պարբերաբար անցկացվող ամենամյա երկկողմ խորհրդատվությունները կողմերը գնահատել են որպես կարևոր միջոցառում` դիրքորոշումների հստակեցման և համաձայնեցման առումով և ընդգծել են շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։