Մշակույթ

Այս տարի նշվում է Մալյանի 90-ամյակը

alisagevorgyan
«Ֆիլմերիդ հերոսներն էկրանի վրա ապրում են հայերեն, ինքդ հայ ես՝  հայի դարդ ու ցավով, հայի տենչանքներով, երազներով: Ես չեմ հանդիպել մեկ ուրիշին, որ քեզ նման ուժ ունենար՝ հարազատ ժողովրդի ապրելակերպի ու վարքագծի մեջ այդքան թերություններ տեսնելու, և չգիտեմ այլ մեկին, որ այդպես թափանցեր հայ մարդու  էության մեջ, հմուտ խուզարկուի նման գանձեր որոներ, գտներ նրա հոգում»: Սոս Սարգսյանի այս խոքերը նվիրված են հայ մեծանուն ռեժիսոր Հենրիկ Մալյանին, ում համար  2015-ը հոբելյանական է, այս տարի նշվում է Մալյանի 90-ամյակը: Հոբելյանի շրջանակներում կազմակերպված հանդիպմանը մտերիմներն ու գործընկերներն այսօր մեկ անգմա ևս հիշել են Մալյան մեծ արվեստագետին ու մարդուն:

 

Հենրիկ Մալյանի կինոն անշփոթելի է, պարզ, մաքուր ու անքեն նրա հերոսներից յուրաքանչուրրը  ցեղի ճակատագրի կրողն  է: «Մալյանի կինոն հիմնված է մեր գենետիկայի վրա: Առանց անցյալի մենք մենք չենք: Առանց հիշողության ոչինչ ենք: Մալյանը սա դարձրեց իր արվեստի հայեցակարգը»,-ասում է կինոգետ Սուրեն Հասմիկյանը: Նա հիշեց՝ թե ինչպես 80-ականներին Մալյանը սկսեց ու չավարտեց իր «Կոմիտասը», չնայած հատկացված անհրաժեշտ  գումարին ու արդեն կատարված մեծածավալ աշխատանքին: «Մալյանը պարզապես  հասկացավ, որ Կոմիտասին հնարավոր չէ նկարել: Կոմիտասը ցավ է, լռություն, ինչպես կարող եմ նկարել այդ ցավը կամ երեք ժամ փոխանցել այդ լռությունը»,-ֆիլմից հրաժարվելը այսպես էր բացատրել Հենրիկ Մալյանը:

«Ավելի լավ է ինձ ասեն՝  ինչու չնկարեցիր  «Կոմիտասը»,  քան ասեն՝ ինչու նկարեցիր «Կոմիտասը»,-Մալյանի խոսքերը ժամանակին տպագրվեցին«Ֆիլմ» թերթում, որի օրինակը մինչ օրս պահպանում է  «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր, կինոքննադատ  Ռոբերտ Մաթոսյանը:

Դերասանուհի Սոֆիկ Սարգսյանի պատմությունը Հենրիկ Մալյանի մասին ուրիշ պատմություն է: Սա պատմություն է ուսուցչի  մասին: «Նա մտնում էր լսարան ու սկսվում էր հիպնոսը: Մինչև հիմա նրա արվեստի հիպնոսի ազդեցության տակ եմ»,-ասում է դերասանուհին: Ինչպես Սուրեն Հասմիկյանն է հումորով նկատում՝ Մալյանը Սոֆիկին տարավ կինո ու ամուսնացրեց Նահապետի հետ:

«Նահապետ» ֆիլմում Նուբարին մարմնավորած Սոֆիկ Սարգսյանի կյանքը երկու հատվածի է բաժանված՝ Մալյանից առաջ ու Մալյանից հետո: Երբեք չի ամաչել խոստովանել, որ սիրահարված էր նրան, ավելի ճիշտ ՝ նրա արվեստին, բայց նաև շեշտում է՝ միայն ինքը չէր սիրահարված, ամբողջ կուրսը:

Դերասանուհին պատմեց, որ Հենրիկ Մալյանն ուներ հուշատետր, որտեղ գրում էր իր ուսանողների մասին: Օրինակ ՝ ինչպիսին էր Սոֆիկն ինստիտուտ ընդունվելիս և ինչպիսին էր  նա առաջին կիսամյակի վերջում: «Նա իր ուսանողների մասին ամեն ինչ գիտեր, մարդ, որը զբաղված էր մարդով: Նրան հետաքրքիր էր մարդ արարածը  և մարդուց բացի ոչ մի բանի մասին Մալյանը չէր նկարում»,-ասում է Սոֆիկ Սարգսյանը: «Երկխոսություն երրորդի համար» գրքում Մալյանն ինքը խոստովանում է՝ արվեստում ես ոչնչով չեմ ուզում զբաղվել , բացի մարդուց:

Back to top button