Հասարակություն

ՀՅԴ 125 ամյակին նվիրված գիտաժողով ԳԱԱ-ում

karenghazaryan
Երբ մի կուսակցություն կարողանում է 125 տարվա կյանք եւ ժողովրդի բազմազան շերտերում ներկայություն ունենալ ու լինել կենսունակ, նշանակում է այդ կուսակցությունը ճիշտ կուսակցություն է եւ նրա անհրաժեշտությունը գոյություն ունի: Այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: ԳԱԱ-ում այսօր մեկնարկել է ՀՅԴ 125-ամյակին նվիրված երկօրյա գիտաժողով՝ «Դաշնակցությունը եւ հայոց պետականությունը» խորագրով:

 

 

Որեւէ շինծու կուսակցություն չի կարող 125 տարի ապրել: Անհրաժեշտ է գաղափար, ծրագիր ու էություն, որն ունեցել է ՀՅԴ-ն՝ ասաց կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Անշուշտ, դա չի նշանակում, որ մենք անսխալական ենք եղել, բայց նշանակում է, որ մեր ձեռքը ճիշտ ենք պահել մեր ժողովրդի զարկերակի վրա եւ մեր ժողովրդի պահանջներին համահունչ քայլեր ենք կատարել: Մեր երկարակեցության փաստն ապացույցն է այն բանի, որ մենք մեր ժողովրդի հարազատ կուսակցությունն ենք»:

«Դաշնակցության ապագայի տեսլականը հայ ժողովրդի համար անվտանգ գոյության պայմաններ եւ բազմակողմանի զարգացման կարելիություն ստեղծելն է»,- ասաց Հրանտ Մարգարյանը:

 

Հայ ժողովրդի պատմությա վերջին 125 տարվա բոլոր դրվագներում առկա է Դաշնակցության ձեռագիրն ու մտածողությունը: Դաշնակցական գործիչ, պատմաբան Լեւոն Մկրտչյանը շեշտեց, որ խորհրդարանական պետության ձեւավորումը կուսակցության սկզբունքային մոտեցումներից է: Առաջին հանրապետությունն էլ կուսակցությունը ձեւավորեց որպես խորհրդարանական երկիր:

ՀՅԴ 125-ամյակին նվիրված «Դաշնակցությունը եւ հայոց պետականությունը» խորագրով գիտաժողովը կոչված է վերագնահատելու Դաշնակցության դերն ու նշանակությունը պետականության կերտման գործում եւ տալու առաջին Հայաստանի Հանրապետության պատմության առավել բարդ ու վիճահարույց հարցերի խորքային վերլուծություններ: Դրանց կարիքն, ըստ դաշնակցական գործիչների, զգացվում է ամեն քայլափոխի:

Կարդացեք նաև
Close
Back to top button