Հասարակություն

ՔԿՀ ծառայողը գործընկերներին անհիմն մեղադրել է վաշխառություն կատարելու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2015 թվականի նոյեմբերի 9-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Համլետ Ք.-ն հայտնել է, որ 2015 թվականի մարտին նույն հիմնարկի ծառայողից ամսական 7 տոկոս տոկոսադրույքով վերցրել է 1500 ԱՄՆ դոլար գումար:

Բացի այդ, ինքը նույն ամսին հիշյալ հիմնարկի մեկ այլ ծառայողից ամսական 3 տոկոս տոկոսադրույքով վերցրել է 500 հազար ՀՀ դրամ գումար: Մինչև 2015 թվականի հոկտեմբերն ինքը վճարել է նշված տոկոսադրույքները, որից հետո չի կարողացել կատարել վճարումները: Այդ պատճառով ցանկացել է ինքնասպանություն գործել, սակայն այն կանխվել է, քանի որ կինը գրպանից գտել է ինքնասպանություն կատարելու վերաբերյալ իր գրությունը:

Հաղորդագրությամբ հայտնել էինք նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Համլետ Ք.-ի հաղորդման հիման վրա՝ հիշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից ենթադրյալ վաշխառություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում Համլետ Ք.-ն հայտնել է, որ իրականում իր գործընկերները պարտք տված գումարների դիմաց տոկոսագումարներ չեն պահանջել և չեն ստացել, իրենց միջև սոկոսագումարների վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել: Համլետ Ք.-ն գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, կատարել է սուտ մատնություն:

Քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճել քրեական գործով վարույթը: Համլետ Ք.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button