Մշակույթ

Արա Գյուլերի լուսանկարների թանգարանի համար Երեւանում հողատարածք կհատկացվի

Երևանում հողատարածք է հատկացվել լուսանկարչության միջազգային թանգարան կառուցելու համար, ուր պիտի ցուցադրվեն աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարները, հայտնում է «Արեւելք» հանդեսը։ Երեկ լուրը  Պոլսում անձամբ լուսանկարչին է փոխանցել  Սևծովյան տնտեսական համագործակցությունում (ՍԾՏՀ) Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ավագյանը:

Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի փաստաբանը նոյեմբերի 18-ին պայմանագիր էր ստորագրել Dugus թուրքական  հոլդինգի հետ, ըստ որի, լուսանկարչի ողջ ժառանգությունն անցնելու էր ընկերությանը, ինչպես նաև  Dugus-ը հնարավորություն էր ստանալու տնօրինելու այն շենքը, որտեղ գործում է Գյուլերի հիմնած «Արա» սրճարանը:

Օրերս մամուլը հաղորդեց, որ լուսանկարիչը չեղյալ է հայտարարել օրեր առաջ կնքված պայմանագիրը և, որ Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած հոլդինգն այլևս իրավասու չէ  տնօրինելու Գյուլերի արխիվը և պայմանագրով նախատեսված գույքը:

Մեր տեղեկություններով` Արա Գյուլերը բավարար չէր նկատել այն պայմանները, որոնք առաջարկվել են 3 միլիոն դոլար գնահատված լուսանկարչական հազվագյուտ արխիվի դիմաց, ինչպես նաև Ստամբուլի հնագույն շենքերից մեկի կառավարումը ստանձնելու համար, որը բազմաթիվ օտարերկացիների, զբոսաշրջիկների, արվեստագետների, քաղաքական գործիչների հավաքատեղին է: Շատերը «Արա» սրճարան են այցելում` հաղորդակցվելու իր օրվա մեծ մասն այնտեղ անցկացնող լուսանկարչի հետ:

Արա Գյուլերին այս ամենի դիմաց արդեն չեղարկված պայմանագրով  տրվում էր ամսական 17 000  ԱՄՆ դոլար, չնայած  ի սկզբանե խոսվել էր  ավելի մեծ հոնորարի մասին:

Արա Գյուլերին մոտ կանգնած պոլսահայերից տեղեկանում ենք, որ Գյուլերը անձամբ է դժգոհ եղել պայմանագրից և օրենքով նախատեսած  ժամկետում չեղյալ է հայտարարել այն:

«Արեւելքի» աղբյուրներն օրեր առաջ նաև հայտնել էին, որ Արա Գյուլերը դեռևս չի հրաժարվել իր ֆոտոարխիվը Հայաստանին նվիրելու ցանկությունից. նրան տարիներ առաջ  որոշ գործիչներ խոստացել են Երևանում հիմնել լուսանկարչության միջազգային թանգարան և Գյուլերի արխիվը փոխադրել այնտեղ, սակայն խոստումները չեն իրականացվել:

Թուրքական որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ էլ, իբրև պատճառ, շրջանառության մեջ են դրել Թուրքիայում տիրող հոգեբանական ծանր վիճակը, որի ֆոնին լուսանկարիչը որոշել է իր արխիվը չհանձնել  Dugus-ին, որի տերը համարվում է Էրդողանի մտերիմը:

Back to top button