Հասարակություն

Սևրուգյանների ընտանեկան հավաքածուն՝ Մատենադարանին

alisagevorgyan

Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանը ամիսներ առաջ համալրվեց միջազգային ճանաչում ունեցող իրանահայ հայր և որդի արվեստագետների՝ լուսանկարիչ Անտուան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի աշխատանքներով: Նվիրատվությունն իրականացրել էր վերջինի որդին՝ գերմանաբնակ մեր հայրենակից Էմմանուել Սևրուգյանը: Նրա մասնակցությամբ գեղանկարների և լուսանկարների մեծարժեք այս հավաքածուն վաղը կներկայացվի Մատենադարանի ցուցասրահում, իսկ այսօր Էմմանուել Սևրուգյանը հանդիպել է արվեստաբանների ու լրագրողների  հետ՝ խոսելու իր տաղանդավոր նախնիների հայկական ծագման մասին: «Պապս ու հայրս  աշխարհում հայտնի են որպես պարսիկ, ռուս, վրացի, անգամ ֆրանսիացի արվեստագետներ, բայց նրանց հայկական ծագման մասին ոչ ոք չի խոսում»,- ասել է Էմմանուել Սևրուգյանը:

 

Անտուան Սևրուգինը  ծնվել է 1851 թվականին Թեհրանում, լուսանկաչություն սովորել՝  Թիֆլիսում: Վերադառնալով Իրան նա իր առաջին  լուսանկարչատունը հիմնեց Թավիզում և, մասնագիտական բարձր որակի շնորհիվ, մուտք գործեց արքունիք: 1883 թվականին  Անտուանը Թեհրանում հիմնեց իր  երկրորդ լուսանկարչատունը:

Հիանալի դիմանկարների շնորհիվ դարձավ  Նասեր էդ-Դին շահի պալատի բարձրաստիճան  լուսանկարիչը՝ արժանանալով նաև «Խան» տիտղոսի:

Անտուանի որդին՝ Անդրե Սևրուգյանը, ևս ծնվել էր Իրանում: Ինչպես լուսանկարիչ Անտուան Սևրուգինը, այնպես էլ նրա գեղանկարիչ որդին միջազգային համբավ վայելող արվեստագետ էր։ Նրանց աշխատանքները ցուցադրվում են աշխարհի ամենահայտնի թանգարաններում: Սևրուգինների ինքնատիպ արվեստի մասին գրվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, հրատարակվել  ալբոմներ։

«Երբևէ չի նշվել նրանց հայկական ծագման մասին: Նրանց համարում են ռուս, պարսիկ, վրացի, ֆրանսիացի, բայց իրականում նրանք հայեր են»,- ասում է արվեստաբան Իվետ Թաջարյանը, ով ևս ծնվել է Իրանում, բայց արդեն երկար տարիներ ապրում է Հյաստանում և շուրջ 20 տարի ուսումնասիրում է  Սևրուգին գերդաստանի պատմությունը։

Անդրե Սևրուգյանի որդին՝ Էմմանուել Սևրուգյանն այսօր պատմեց, որ 1935 թվականին ընտանիքը Իրանից տեղափոխվել է Ավստրիա, իսկ ավելի ուշ Գերմանիա, որտեղ էլ նա այժմ ապրում և աշխատում է:  Հայր և որդի Սևրուգյանների մշակութային ժառանգությունն այսօր տարածված է աշխարհով մեկ: Ամենամեծ հավաքածուն պահպանվում է Վաշինգտոնի հեղինակավոր թանգարաններից մեկում, իսկ Սևրուգյանների ընտանեկան հավաքածուն Էմմանուել Սևրուգյանն ամիսներ առաջ նվիրաբերեց Երևանի Մատենադարանին:  Գեղանկարների և լուսանկարների մեծարժեք այս հավաքածուն վաղը կներկայացվի հայրենիքում։

Back to top button