Ում էին ուղղված ծաղիկները (նկարներ)
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդներ Ժիրայր Սեֆիլյանն ու Արմեն Մարտիրոսյանը, ճակատի համակիրների հետ, գիշերն անցկացրել են Ազատության հրապարակում։ Նստացույցն անցել է առանց միջադեպերի։ Ազատության հրապարակում հերթապահություն են իրականացրել նաև մոտ մեկ տասնյակ ոստիկաններ ու շտապօգնության մեքենան։ Ինչով էր պայմանավորված ՀՀԿ գրասենյակի առջև Ժառանգություն առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ծաղիկներ դնելու մղումը, և արդյո՞ք նա իրեն համարում է «հովհարային անջատումներով քաղաքական գործիչ», ինչպես ասել էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Գիշերն Ազատության հրապարակում հանգիստ է անցել: Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատից մի քանի տասնյակ քաղաքացիներ գիշերել են հրապարակում: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում «Նոր Հայաստան» փրկության ճակատի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ նստացույցը լինելու է անժամկետ, մինչև նրանք չհասանեն բաղձալի արդյունքի:
«Մենք պետք է վերադարձնենք 88-ի ոգին»:
Երեկ, երբ իրականացվեց «Նոր Հայաստան» փրկության ճակատի երթը, Մելիք Ադամյան փողոցում Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկացավ ծաղիկներ դնել հանրապետական կուսակցության գրասենյակի առջև, որը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ հանդիսացավ:
ՀՀԿ մամլո խոսնակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի այդ քայլին, նշեց. «Ցավում եմ, որ իմ երկրի առաջին ԱԳ նախարարը իջել է նման մակարդակի»:
Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան էլ չցանկացավ մեկնաբանել ծաղիկների հանձման պրոցեսը:
Ի դեպ, ՀՀԿ մամլո խոսնակը Հովհաննիսյանին անվանել էր «հովհարային անջատումներով գործիչ»: Րաֆֆի Հովհաննիսյան ասաց, թե իր համար մեծ պատիվ է արժանանալ նման ձևակերպման, հատկապես, նման կալիբրի քաղաքական գործչի կողմից:
Ի դեպ, ՀՀԿ մամլո խոսնակը անդրադարձել է երեկ տեղի ունեցած հանրահավաքին ասաց, որ ընդդիմադիր դաշտը պայքարում են անգամ միմյանց դեմ, ով ավելի շատ կհայհոյի իշխանությանը ու կողմից հրավիրված հանրահավաքին շատ մարդ կգա: